34 ՔԱՂԱՔԱՑԻ ՓՈՐՁԵԼ Է ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել աղմկահարույց մի քրեական գործ, որը բացահայտում է, թե ինչպես է համերգներ տալու պատրվակով ՀՀ 34 քաղաքացի մեկնել Ամերիկիայի Միացյալ Նահանգներ:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ քաղաքացի Աննա Գրիգորյանը տեղեկացել է, որ ԱՄՆ-ում մշտական բնակվող Ստելլա Բոյաջյանը ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու համար Հայաստանից հավաքագրել է 34 քաղաքացիների: Աննան եւս ցանկություն է հայտնել մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում՝ փոխարենը խոստանալով աջակցել, որ նշված խմբի անդամներին կօգնի ԱՄՆ հասնել:
Իսկ ինչպես պետք է նա դա իրականացներ
Նա քաղաքացի Արամ Հովսեփյանի հետ մի սցենար է մշակում, որի արդյունքում հնարավոր լինի 34 քաղաքացիների ժողովրդական երգի եւ պարի խմբի անվան տակ դեսպանատուն մտցնել:
Եվ այսպես՝ քաղաքացի Արամ Հովսեփյանը, համաձայնության գալով «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանի հետ, պատրաստում են «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» անդամ «Հայաստան» ժողովրդական երգի եւ պարի ստուդիայի ուսման թվով 34 կեղծ վկայականներ: Այդ փաստաթղթերի հիման վրա խմբով մտնում են դեսպանատուն, որպեսզի մեկնեն ԱՄՆ:
Սակայն գործարքը չի ստացվում, «բռնվում են»: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրում ե՛ւ Արամ Հովսեփյանին, ե՛ւ «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանին, ե՛ւ Աննա Գրիգորյանին՝ ապօրինի միգրացիա կազմակերպելու հատկանիշներով:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ բացահայտվել է այսպիսի ձեռագրով մի գործ: Ըստ ԱԱԾ-ի՝ Հայաստանում եւ արտերկրում կայուն ու համակարգված կապեր ունեցող մի խումբ անձինք 2016 թվականի ընթացքում տուրիստական գործունեության քողի ներքո, շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթեր ու տեղեկություններ ներկայացնելով, հետխորհրդային երկրներում տեղակայված Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր՝ դրա դիմաց կատարված կեղծիքներից անտեղյակ քաղաքացիներից վերցնելով 2.000-3.500 եվրո գումար:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ ձեւավորված հանցավոր մեխանիզմում ներգրավված են եղել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, ովքեր տարբեր չափի կաշառքներով ապահովել են ապօրինի հիմքերով ստացված արտոնագրերով քաղաքացիների անարգել ելքը Հայաստանի Հանրապետությունից:
Արդյունքում՝ ԱԱԾ-ն 5 անձի մեղադրանք է առաջադրել՝ անօրինական միգրացիա կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդված), կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդված), կաշառք տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդված) եւ կաշառքի միջնորդության (ՀՀ քրեական օրենսգրքի 313 հոդված) համար: Նախաքննությունը շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ՝ հասկանալու համար, թե արտաքին գործերի նախարարությունը ինչ քայլեր է ձեռնարկում անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում:
«Ակնհայտ է՝ որտեղ գործը վերաբերում է հանցագործությանը, այնտեղ լինելու է եւ կա հետաքննություն»,- ի պատասխան՝ բացահայտեց ԱԳ փոխնախարարը:
Բայց չէ՞ որ գործում պետական կառույցի ներկայացուցիչներ են ներգրավված, որոնք, ըստ էության, դեսպանատան աշխատակիցներ են եղել, ԱԳՆ-ն այստեղ ասելիք ու անելիք չունի՞: Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ովքեր են եղել, ովքեր չեն եղել, ցույց կտա հետաքննությունը»:
Ահա, այսպես անտարբեր ու անտեղյակ էլ ապրում ենք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՑՈՒՑԱԿՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Երեկ կայացած ՀՀԿ գործադիր, ապա խորհրդի նիստերին շտապած պատգամավորներն ու պոտենցիալ թեկնածուներն այդպես էլ չստացան իրենց համար կարեւորագույն հարցերի պատասխանները՝ ով համամասնական ցուցակում որ տեղն է զբաղեցնելու, ով որ տարածքից է առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարները ՀՀԿ վերնախավին նախապես ներկայացրել են իրենց տարածքներից ռեյտինգային կամ ոչ ռեյտինգային կարգով առաջադրվող պատգամավորների պոտենցիալ թեկնածուների ցուցակները, որպեսզի դրանք վերջնական տեսքի բերվեն, հստակեցվեն եւ հաստատվեն: Մեր աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ-ականներին Մելիք Ադամյանից բացատրել են, որ յուրաքանչյուր ռեյտինգային թեկնածուի առջեւ դրվելու է ձայների նվազագույն շեմ, որ պետք է ապահովվի: Ըստ այդմ, յուրաքանչյուրի ուսերին դրվելու է պարտականություն՝ ապահովել միջինը 3 հազար ձայն: Դե, իհարկե, պարզ է, որ կան առանձին անհատներ, հեղինակություններ, որոնց համար 3 հազար ձայն ապահովելն անպատվաբեր է: Նրանք պետք է այդ ցուցանիշին 0 ավելացնեն, որպեսզի իրենց լիարժեք զգան թիմի ներսում:
Տեղեկացնենք, որ ՀՀԿ-ականներին հրահանգված է ձայներ ապահովել ամեն գնով, բայց ծածուկ, խաղաղ, որպեսզի աղմուկ չբարձրանա: Այսպիսով՝ ՀՀ նոր ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս իշխող ՀՀԿ-ին, որպեսզի անհատների ունեցած թաղային կամ մարզային վարկանիշն օգտագործի՝ ձայներ ապահովելու համար: Եւ տարեցտարի հեղինակազրկված ՀՀԿ-ն այդկերպ կհաջողացնի բավականին մեծ թվով ձայներ հավաքել՝ ձգտելով մեծամասնություն ունենալ:
Ինչպե՞ս, բացատրենք: Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների՝ կուսակցությունում արդեն իսկ մոտավոր հաշվարկներ կան, որ պետք է առավելագույնը 164 ռեյտինգային թեկնածուներ առաջադրվեն: Եւ եթե այդ 164 թեկնածուները ՀՀԿ վերնախավի ակնկալած միջինը 3 հազար ձայն ապահովեն, ստացվում է՝ 492 հազար ձայն: Ասել է թե՝ ՀՀԿ-ն միայն ռեյտինգային թեկնածուների ջանքերի շնորհիվ ակնկալում է ստանալ մոտ 45 տոկոս ձայն՝ առանց լուրջ միջամտությունների: Եթե սրան էլ գումարենք ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառումն ու ահաբեկչական ավանդական դարձած գործողությունները, ապա ապրիլյան ընտրությունների ելքը խիստ կանխատեսելի է դառնում:
Հավելենք, որ ՀՀԿ-ում անթաքույց խոսում են այն մասին, որ եթե չհաջողվի բացարձակ մեծամասնություն, այսինքն՝ մոտ 54 տոկոս ձայն հավաքել, ապա հնարավոր է՝ ՀՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի հետ, որպեսզի 2-րդ փուլ հայտարարելու անհրաժեշտություն չլինի: Թե որքանով կիրականանան ՀՀԿ-ի այս ծրագրերը, ժամանակը ցույց կտա:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
hraparak.am-ի տեղեկություններով՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը չի մասնակցի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։ Նա տարվա մի մասը լինում է արտերկրում եւ նախկինի պես չի ծավալում ակտիվ քաղաքական գործունեություն։ Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» դաշինքից առանձնացած ՀՀՇ ղեկավարներն այսօր ակտիվ բանակցությունների մեջ են ոչ իշխանական ուժերի հետ՝ ԱԺ ընտրություններին ինչ-որ ձեւաչափով մասնակցելու նպատակով։ ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանն ու ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն առայժմ նախընտրում են լռել եւ չհրապարակել, թե որ ուժերի հետ ինչ քննարկումներ են անցկացնում եւ ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին։ Իսկ ՀՀՇ-ից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով հեռացած ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն էլ լրատվական կայքերից մեկին տեղեկացրել էր, որ ինքը մասնակցելու է որպես ընտրող, քանի որ վերջին տարիներին տեւական ժամանակ բացակայել է Հայաստանից եւ անկուսակցական է։

 

 

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՑՈՒՑԱԿԸ
ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւաչափին, ասել է. «Մի քանի օր է մնացել, հստակ հայտարարություններ կանենք պայմանավորվածություններ ունենալուց հետո։ Կարող եմ ասել, որ «Ազատություն» կուսակցությունն իր այսօրվա վարչության նիստում եւս մի անգամ որոշել է, եւ սա երկրորդ անգամ ենք որոշում, իսկ մեր կանոնադրությունն այնպիսին է, որ վարչությունն է նման որոշումներ կայացնում, որ մենք հանդես գալու պարագայում կլինենք կա՛մ միայնակ, կա՛մ դաշինքով»։ Հստակեցնող հարցին, թե արդյոք ինքն է գլխավորելու դաշինքը, Բագրատյանը պատասխանել է.«Այո՛, ես եմ գլխավորելու ցուցակը»։ Նա, սակայն, հրաժարվել է նշել, թե կոնկրետ որ ուժերի հետ է պատրաստվում դաշինք կազմել:

 

 

 

ՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵ՞Լ
«Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել եւ հունվարի 11-ին Կառավարություն էր փոխանցվել Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը: Երեկ լրացավ 15-օրյա ժամկետը, որի ընթացքում Կառավարությունը պետք է պատասխաներ դիմումին: Մինչ օրվա վերջ, սակայն, հայտնի չդարձավ՝ արդյո՞ք կուսակցություններին պատասխան փոխանցվել է, թե՞ ոչ:
 

 

ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՈՎ
«Առավոտի» փոխանցմամբ՝ Շիրակի մարզից ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրվող Շիրակի նախկին մարզպետ, նախագահի վերահսկողական ծառայության պետ գեներալ Ֆելիքս Ցոլակյանի շտաբը կգործի Գյումրու կենտրոնական հատվածում՝ Տեքստիլագործների թաղամասում, մարզպետարանի հարեւանությամբ: Այն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ՀՀ շախմատի առաջին սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովհաննես Խալիկյանը: Ի դեպ, Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելիս՝ Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահը Ֆելիքս Ցոլակյանն էր, այժմ Սամվել Բալասանյանի ավագ որդին է՝ Միսակ Բալասանյանը:




Լրահոս