ՀԱՐՑ. Նախկինում հաշմանդամը վերափորձաքննություն անցնելու համար դիմում էր բժշկասոցիալական փորձաքննության մարմին: Հիմա լսել եմ, որ նոր կարգ է սահմանվել, եւ կատարվել են որոշակի փոփոխություններ: Խնդրում եմ մի փոքր մանրամասնել, թե այս դեպքում ում պետք է դիմի քաղաքացին եւ ինչ փաստաթղթեր ներկայացնի: Ուզում եմ ծանոթանալ նոր կարգի մանրամասներին:
Լիաննա Խաչատրյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Լիաննա Խաչատրյանի հարցի հետ կապված տեղեկացնում ենք, որ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում նախատեսվում են մի շարք բարեփոխումներ, մշակվում են իրավական ակտերի նախագծեր, սակայն ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում դեռեւս փոփոխություններ չեն կատարվել, եւ ներկայումս բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմանդամության սահմանման կարգի եւ չափորոշիչների հիման վրա (Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.2003 թվականի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշում, ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 276-Ն որոշում):
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2016թ. նոյեմբերի 30-ի դրությամբ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառվել է 204.770 հաշմանդամություն ունեցող անձ, որից 8.147-ը՝ (3.9%) հաշմանդամ երեխա: ՀՀ ԲՍՓ գործակալության տարածքային մարմիններում նոյեմբերին փորձաքննվել է 7.217 անձ, որոնցից հաշմանդամ է ճանաչվել 6.842 անձ: Առաջին անգամ 1.655 փորձաքննվածներից հաշմանդամություն է սահմանվել 1.456 անձի: Վերափորձաքննվել է 5.562 անձ, որոնցից հաշմանդամ է ճանաչվել 5.386-ը: Գործակալության վերափորձաքննության բաժնում վերափորձաքննվել է 361 անձ, որոնցից բողոքարկման կարգով՝ 33-ը (որոշում չի փոխվել), խորհրդատվական կարգով՝ 304-ը, հսկողական կարգով` 24-ը (փոխվել է 3 որոշում):