ՀԱՐՑ. Քույրս չունի ՀՀ քաղաքացիություն: Կացության կարգավիճակ ստանալու համար դիմում է ներկայացրել, սակայն մերժում է ստացել: Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ նա կարող է կրկին դիմել՝ կացության կարգավիճակ ստանալու համար: Եվ ուզում եմ իմանալ՝ նա բողոքարկելու հնարավորություն ունի՞, թե՞ ոչ:
Աննա Մանուկյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի, կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի մերժումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով: Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օտարերկրացուն կացության կարգավիճակ չտրամադրելու համար կարող է հիմք հանդիսանալ օրինակ՝ եթե նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ), կամ նա դատապարտվել է ՀՀ-ում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար: