Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցն Իրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 1-ին այցելել է «Ալիք» թերթի խմբագրատուն: Թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-իրանական հարաբերությունների, ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մանրամասնել է նաև «Ազգ-բանակ» գաղափարի դրույթները:

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 1-ին եղել է նաև Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարանում, հանդիպել թեմի առաջնորդ, աքրեպիսկոպոս Տեր Սեպուհ Սարգսյանի, հոգևոր դասի և իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարն արժևորել և բարձր է գնահատել Հայոց եկեղեցու և սփյուռքի կառույցների դերակատարությունը հայապահպանության, ինչպես նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում:
Պաշտոնական այցի ընթացքում փետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է անվտանգության ոլորտում երկու պետությունների համագործակցության ընդլայնումը: Քննարկվել են հայ-իրանական փոխգործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր:

Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությունը տարբեր բնագավառներում և ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, կողմերը շեշտել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Ընդգծելով խաղաղ, բանակցային ճանապարհով խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, կողմերը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամությունը:
ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման, տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման խնդիրների հետ կապված հարցեր:
Կողմերն անդրադարձել են հայ-իրանական համագործակցության առաջնահերթություններին, ընդգծվել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:




Լրահոս