Ի՞նչ կարևոր արտոնություններից պիտի օգտվեին զինվորները, որ պետական մակարդակով այդ տարրական «կամեցողությունը» չդրսևորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի վերջո, ո՞վ է պատասխանատու ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զորացրված զինծառայողների զինգրքույկներում ռազմական գործողություններին մասնակցության մասին գրառումներ ջնջելու, կամ փոփոխելու՝ անվավեր նշումներ անելու, մի շարք դեպքերում էլ ուղղակի առանց համապատասխան գրառման թողնելու համար:

Արդյոք պաշտոնական անփութություն դրսեւորելն այս դեպքում քրեորեն պատժելի արարք չի որակվում: Հարկ ենք համարում հիշեցնել՝ պաշտոնական անփութությունը կոնկրետ քրեական հանցանք է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հատկանիշներով:

Համենայն դեպս, ԼՂՀ ՊԲ հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում այդ մասին որեւէ խոսք չկա: Այստեղ առավել շատ տուրք է տրվել թեման շահարկման առարկա չդարձնելուն:

ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝  որտեղից է ծագում եւ ուր է տանում այս խնդիրը, որն արդեն մի քանի օր է՝ բարձրացվում է մամուլում:

Նախ հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ խնդրի մասին համապատասխան հարցադրումներով դիմել է թե′ Հայաստանի, թե′ ԼՂՀ-ի պաշտպանական գերատեսչություններին, սակայն որեւէ հստակ պատասխան, պարզաբանում չի ստացվել:

Իսկ ԼՂՀ նախկին պատգամավոր Վահան Բադասյանն օրաթերթի հետ զրույցում պարզաբանել է, որ ուղղումներն անելու համար նախատեսված հատուկ էջ կա, սակայն զինգրքույկներում դրանք թերություններով եւ կոպիտ սխալներով են արվել. «Ես կոնկրետ տեսել եմ զինգրքույկում ջնջած, փոխած դեպքեր եւ կոնկրետ հարցում եմ արել: Եվ ես պարզեցի, որ, իրոք, անփութություն է եղել: Շարքային մասի պետի անփութությունն է եղել, անգրագիտությունը: Եթե սխալվել էին, պետք է գիծ քաշեին, գրեին, որ սխալը մեր կողմից է, եւ երկրորդ կնիքը դնեին, իսկ իրենք բռնել, անգրագետ ձեւով ուղղել են սխալը: Ես տեղեկություններ ունեմ, որ բոլորին բռնել, գրել են, որ մասնակցել են, բայց դա այդպես չի եղել»,- մասնավորապես, ներկայացրել է Բադասյանը:

Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս խնդիրը միայն մի զորամասում չի եղել: Արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ հրամանատարներին սխալ են բացատրել իրենց անելիքներն ու պարտականությունները, այլապես ինչո՞ւ պետք է միանգամից մի քանի տարբեր տեղերում նույն վրիպակը կրկնվեր: Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել, որ այս պահին դեռեւս հայտնի չէ՝ ստույգ քանի զինծառայող է բախվել այս խնդրին. համապատասխան ուսումնասիրությունները չեն ավարտվել:

Թեպետ, պետք է իրատես լինել եւ գիտակցել, որ երբեւէ ստույգ թիվը չի ներկայացվի: Ինչեւէ, առաջին հարցը, որ առաջացել է հանրության մոտ, թերեւս, այն է, թե այդ ի՞նչ կարեւոր արտոնություններից պիտի օգտվեն մեր զինվորները, որ պետական մակարդակով այդ տարրական «կամեցողությունը» չի դրսեւորվում: Պարզվում է՝ առանձնապես ոչ մի արտոնություն չի տրվում:

Համենայնդեպս, օրենսդրորեն չկա սահմանված որեւէ կետ, ըստ որի՝ 4 օր մարտական գործողությունների մասնակցած զինվորականը կարող է օգտվել ինչ-ինչ արտոնություններից: Այս պահին կա միայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ընդունած որոշումը, որով ուսանող զինվորները հնարավորություն կունենան օգտվելու ուսման 50 տոկոս զեղչից: Որեւէ արտոնություն ստանալու համար զինվորականը պետք է առնվազն 90 օր մասնակցի մարտական գործողությունների…

Բա էլ ինչո՞ւ են նման արհեստածին խնդիրներ ստեղծում, աղմուկ առաջացնում՝ հարցին արագ լուծում տալու փոխարեն:

Գուցե նպատակը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մեծ շուքով «լուծում տա՞լն է»: Եվ արդյոք «շանտղություն» չէ՞ զինվորների հաշվին քարոզարշավ կազմակերպելը:

Կասկածից վեր է, որ որոշ ժամանակ անց Պնախարար Վիգեն Սարգսյանն «ակնթարթորեն» կլուծի հանրության ցասման առիթը դարձած գերխնդիրը, եւ նախընտրական PR-ը պատրաստ է: Իսկ Վիգեն Սարգսյանը, հիշեցնենք, իր հունվարյան ասուլիսի ժամանակ ի լուր աշխարհի հայտարարել էր, որ պատրաստ է ՀՀԿ-ի ղեկավարության հրահանգով իրականացնել համապատասխան նախընտրական աշխատանքները:

Բայց նա, կարծես, թե ժամանակից առաջ է ընկել:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս