Բա զինվորին էսպե՞ս են սիրում. ինչո՞ւ են զինգրքույկներում «սրբագրումներ» արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինվորներ արդեն զորացրվում են, սակայն նրանց զինգրքույկներում ռազմական գործողություններին մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված են, կա՛մ փոփոխված՝ անվավեր նշումներով, մի շարք դեպքերում էլ ուղղակի առանց համապատասխան գրառման են: Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն:

Դեռեւս 2016 թվականի նոյեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ զինվորականների ծնողներից ստանում էր ահազանգեր, որ իրենց երեխաները քառօրյա պատերազմի մասնակից են եղել, սակայն զինգրքույկներում ռազմական գործողություններին իրենց մասնակցության մասին կնիք չեն դնում, կա՛մ փոփոխում են՝ անվավեր նշումներով, շատ դեպքերում էլ կնիքը դրված է լինում, բայց նաեւ «սրբագրվում» է, որ նա չի մասնակցել մարտական գործողություններին:
Դեռեւես անցած տարվա նոյեմբերին այս խնդրի առնչությամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն, որպեսզի հետամուտ լինեն եւ խնդրին լուծում տան: Նույն հարցով դիմեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակին: Սակայն իրավիճակը չփոխվեց. ե՛ւ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ե՛ւ ԼՂՀ ՊԲ-ն մատը մատին չտվեցին զինվորի արժանապատվությունը վերականգնելու հարցում:

Եվ ահա երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը արթնացել է քնից ու հաթաթաներով լի մի հայտարարություն տարածել, թե մի՛ շահարկեք.«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի՝ զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետեւ անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորում է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա, իսկ այն զորացրված զինծառայողները, ովքեր ունեն պարզաբանման կարիք, դիմեն հետեւյալ հեռախոսահամարով՝ 28-08-23»:

Իհարկե, անփութությունից ապահովագրված չէ որեւէ գերատեսչություն, բայց տվյալ դեպքում ներկայացվածն առավել անկեղծ կընկալվեր, եթե ԼՂՀ ՊԲ-ն հրապարակեր կոնկրետ զորամասի կոնկրետ պաշտոնատար անձանց անունները, որոնք անփութություն են թույլ տվել՝ զինվորներին թողնելով բախտի քմահաճույքին:
Հատուկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ Արցախի դատախազ Արթուր Մոսիյանին հիշեցնենք, որ պաշտոնական անփութությունը կոնկրետ քրեական հանցանք է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հատկանիշներով:

Իսկ ի՞նչ ունենք մենք. առաջնագծում ինքնամոռաց կյանք տված, մեր հայրենիքի սահմանները պաշտպանած շարքային զինվորականներ, որոնք գնահատված չեն պետական որոշ կառույցների կողմից: Բա ո՞ւր մնաց ազգ-բանակ վերամբարձ գաղափարախոսությունը, թե ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այդ գաղափարը սահմանափակվեց միայն 1000 դրամների հավաքագրմամբ:
Այդ ի՞նչ կարեւոր արտոնություններից պիտի օգտվեն մեր զինվորները, որ պետական մակարդակով այդ տարրական «կամեցողությունը» չի դրսեւորվում: Թե արհեստական խնդիր են սարքել, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մեծ շուքով լուծեն:

Այս հարցերի պատասխանը հուսանք՝ առաջիկայում կստանանք:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ, ով անդրադառնալով խնդրին՝ ասաց. «Ես կոնկրետ տեսել եմ զինգրքույկում ջնջած, փոխած դեպքեր եւ կոնկրետ հարցում եմ արել: Եվ ես պարզեցի, որ, իրոք, անփութություն է եղել: Շարքային մասի պետի անփութությունն է եղել, անգրագիտությունը: Եթե սխալվել էին, պետք է գիծ քաշեին, գրեին, որ սխալը մեր կողմից է, եւ երկրորդ կնիքը դնեին, իսկ իրենք բռնել, անգրագետ ձեւով ուղղել են սխալը: Ես տեղեկություններ ունեմ, որ բոլորին բռնել, գրել են, որ մասնակցել են, բայց դա այդպես չի եղել:

Օրինակ՝ ասենք՝ 5-րդ պաշտպանական շրջանը, որտեղ կատարվել են մարտական գործողությունները, մասնակցել են ուղիղ կեսը, երկու գումարտակ եղել է դիրքերում, երկու գումարտակ եղել է հանգստում: Երկու գումարտակն է մասնակցել, բայց իրենք բռնել, բոլորին են գրել եւ հիմա ուղիղ կեսին պետք է գրեն, որ չի մասնակցել: Եվ ինչպես պետք է գրեն, պետք է ուղղեն, իսկ ուղղման ձեւ կա, ոչ թե պետք է ջնջեին, դա կեղծում է, այլ պետք է գիծ քաշեին, գրեին, որ սխալը մեր կողմից է, եւ երկրորդ կնիքը դնեին: Ես ստացել եմ սպառիչ պատասխան զորամիավորման հրամանատարից, եւ իսկապես այդպես է եղել, բոլորը չէ, որ մասնակցել են, ու ճիշտ չէ չմասնակցած մարդուն բերեն, ասեն՝ մասնակցել է: Ես առաջարկում եմ զինվորներին ինձ դիմել նման հարցերում, ես կփորձեմ միջամտել հրամանատարական կազմի մոտ»:
Նախկին պատգամավորը վերջում ընդգծեց. «Դե, եթե «Լելե Թեփե»-ի բարձունքը հանձողին պատիժ չկա, ինչու նման չնչին բանի համար պետք է մարդ պատժվի»: Իհարկե:

Հ. Գ. Նկատենք, որ այս խնդրին երեկ ուշացումով արձագանքեց նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ խոստանալով ուսումնասիրել խնդիրը: Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն էլ է ուսումնասիրում: Մինչդեռ կոնկրետ արդյունքներ են պետք:

Քնար Մանուկյան




Լրահոս