Դեռեւս հոկտեմբերի 24-ին տարածած իր հայտարարության մեջ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ վարչությունը սկսում է 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը։ Կոնգրեսը նաեւ հայտարարել էր, որ ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ պատրաստ է համագործակցության ձեւաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք «խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձեւավորումն ու ժողովրդավարության հաստատումը»:
Այդ հայտարարությունից անցել է ավելի քան երեք ամիս, իսկ խորհրդարանական ընտրություններին մնացել է գրեթե երկու ամիս, բայց դեռ ՀԱԿ-ը որեւէ հստակ հայտարարությամբ հանդես չի եկել որեւէ ուժի հետ համագործակցելու կամ, ընդհանրապես, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին: Ասել է թե՝ երբեմնի բարձրագոչ հայտարարություններով հանդես եկող եւ իր լայն հնարավորությունների մասին խոսող կուսակցությունը խորհրդավոր կամ պարտադրված լռություն է պահպանում: Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ լռությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀԱԿ-ի լռության հիմնական պատճառը մեկն է. կուսակցության բոլոր փորձերը՝ այս կամ այն ուժի հետ դաշինք կազմելու, ապարդյուն են անցնում: Ոչ մի քաղաքական ուժ չի ցանկանում գործընկերային հարաբերություններ ունենալ ՀԱԿ-ի հետ, եւ գլխավոր պատճառաբանությունը կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դեկտեմբերի 17-ին ՀԱԿ երկրորդ համագումարի ժամանակ հնչեցրած ելույթն է, որտեղ ՀՀ առաջին նախագահը, ըստ էության, իր աջակցությունը հայտնեց ԼՂ խնդրի կարգավորման հարցին՝ հայտարարելով. «Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ»:
ՀԱԿ-ը այս շրջանում հեռու է մնում անգամ լրատվամիջոցների հետ շփումից՝ պատճառաբանելով, որ դեռեւս իրենք էլ չեն կողմնորոշվել, ասելիք չունեն:
Նկատենք, որ այսպիսի անելանելի իրավիճակում է հայտնվել քաղաքական այն ուժը, որը դեռեւս 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին հավաքելով 106 հազար 901 քվե՝ զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը: Թե ինչու է այս պատկերը, թերեւս ՀԱԿ վերնախավը պետք է ինքն իրեն հարցադրում անի ու պատասխանի, որ քաղաքական ու մարդկային մեծ ամբիցիաները տապալեցին երբեմնի հզոր համաժողովրդական շարժման հենքի վրա կառուցված քաղաքական միավորը՝ հասցնելով զերոյական ռեսուրսներ ունեցող ինչ-որ միավորի: Ու հիմա ՀԱԿ-ի միակ հույսը էլի մնացել է ՀՀԿ-ն, որի հետ երկխոսության գնալով՝ էլի ստվար թվով համակիրներ կորցրեց:
Հիշեցնենք, որ վերջերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, թե Սարգսյանն արդեն մարզերում հանձնարարել է, որ մարզպետները տարածքներում շտաբներ բացելու հարցում աջակցեն ՀԱԿ-ին, ընտրությունների ընթացքում եւս աջակցություն ցուցաբերեն, որպեսզի առաջին նախագահի ղեկավարած կուսակցությունը կարողանա հաղթահարել 5 տոկոսի անցողիկ շեմը: ՀԱԿ-ը, սակայն, հերքել է այս լուրերը` անվանելով աբսուրդ:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՀԱԿ-ի «ռեյտինգային» փոքրաթիվ թեկնածուները իրենց համակիրներին վստահեցնում են, թե Սերժ Սարգսյանն իրենց կողքին է, եւ իրենք հաղթահարելու են անհրաժեշտ 5 տոկոսի շեմը՝ ԱԺ-ում ունենալով մի քանի պատգամավոր:
Ի դեպ, հատկանշական է, որ պալատական սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւս երեկ հայտարարել է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն ու ՀԱԿ-ը կկարողանան հաղթահարել 5 տոկոս արգելանքը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Վահագն Հակոբյան, Նարեկ Սարգսյան