Նիկոլ Փաշինյանի պատասխանը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի
նախագահ Վարդան Հարությունյանին.

Պարոն Հարությունյան.
Հաշվի առնելով, որ ս/թ հունվարի 23-ի հաղորդագրությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ինձ առաջարկել է բանանի (ադամաթուզ) հայաստանյան շուկայի վերաբերյալ համատեղ քննություն իրականացնել եւ ընդունել եմ առաջարկը, ներկայացնում եմ առաջին երկու հարցադրումները, որոնց շուրջ պատրաստ եմ ՊԵԿ-ի հետ համատեղ քննություն իրականացնել.
ա) 2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հաղորդագրություն է հայտնվել, որում մասնավորապես ասվում է. «ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե: Այսպես, Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»:

Հարց 1. Ովքե՞ր են հաղորդագրության մեջ հիշատակվող՝ բանանի ներկրումը խոչընդոտած անձինք:
Հարց 2. Ի՞նչ իրավական ընթացակարգեր են ձեռնարկվել նշված անձանց նկատմամբ:
Հարց 3. Դե յուրե ինչպիսի՞ որակում է տրվել նրանց արարքներին:

Հարց 4. Բանան ներկրած տնտեսվարողը ինչպիսի՞ կոնկրետ աջակցություն է ստացել ՊԵԿ-ից եւ ի՞նչ է նկատի առնվում «հաջողությամբ իրականացրել ներկրումը» արտահայտության ներքո:
բ) Ձեր կողմից ինձ տրամադրված փաստաթղթերով ՀՀ բանան ներկրող են հանդիսանում «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն եւ «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն:
Հարց. Արդյո՞ք այս երկու ընկերությունները ունեն ընդհանուր սեփականատերեր կամ շուկայի բաժանման վերաբերյալ պայմանավորվածություններ (պայմանագրեր):
Թույլ տվեք եւս մեկ անգամ հաստատել այս հարցերի շուրջ ՊԵԿ-ի հետ համատեղ քննություն իրականացնելու իմ պատրաստակամությունը: Առաջադրված հարցերը սպառիչ չեն եւ առաջարկվում են համատեղ քննության մեկնարկի համար»:




Լրահոս