ՀԱՐՑ. Եղբայրս իր ընտանիքով բնակվում է ՀՀ-ից դուրս (ՌԴ-ում): Վերջերս նրանք ձեռք են բերել Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն ՀՀ համապատասխան կառույցներին չեն հայտնել այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու փաստը: Հիմա նրանք մտադիր են գալ Հայաստան: Խնդրում եմ ասեք՝ հնարավո՞ր է՝ նրանք ենթարկվեն որեւէ պատասխանատվության այն բանի համար, որ չեն տեղեկացրել իրենց քաղաքացիության մասին:
Անահիտ Պողոսյան (46 տարեկան, դաստիարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը ՀՀ այն քաղաքացու կողմից, որը հավակնում է այնպիսի պաշտոն զբաղեցնել, որը զբաղեցնելն օրենքով արգելված է այլ պետության քաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաեւ այն պաշտոնատար անձի կողմից, որն օրենքի համաձայն չէր կարող լինել նաեւ այլ պետության քաղաքացի, պատժվում է ազատազրկմամբ երեքից հինգ տարի ժամկետով՝ զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը՝ բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի: