ՖՈՏՈ. Երբ ինձ չճանաչողները շփվում են հետս, 180 աստիճանով փոխում են իրենց կարծիքն իմ մասին. Նունե Եսայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադարձ ենք կատարում հանրային ճանաչում ունեցող անձանց, նրանց կյանքում հանդիպող խոչընդոտներին, պարզում ենք, թե հայտնի դառնալուց հետո այդ մարդկանց առջեւ ինչ դռներ են բացվել եւ հակառակը: Մեր այսօրվա զրուցակիցը երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանն է:

«Չէի հասկանում, թե ինչ էր կատարվում»

1991-1992 թվականներն էին, երբ երգեցի «Այո» հեռուստաշոուի շրջանակում եւ դրանից հետո զգացի, որ արդեն հանրության լայն շերտերը ճանաչում են ինձ: Հետո արդեն ինձ ավելի մեծ ճանաչում բերեց ժողովրդական երգը: Այդ ժամանակահատվածում, անկեղծ ասած, հայտնի լինել-չլինելու մասին մտածելու ժամանակ էլ չունեի. անընդհատ գործի մեջ էի եւ չէի հասկանում, թե ինչ էր կատարվում շուրջս: Հայտնի լինելու զգացումն, իհարկե, հաճելի էր, բայց ես դրանով չէի տարվել: Գիտեի, որ դրա համար չէի բեմ բարձրացել. ուղղակի առանց բեմի ապրել չէի կարող: Հիմա, որպես հանրային անձ, իմ կյանքում ավելի հանգիստ ժամանակահատված է, եւ ես վայելում եմ այդ հանգստությունը:

«Քիչ է պատահում, որ ուզում եմ «թաքնված» լինել»

Իհարկե, հայտնի լինելը շատ դժվարություններ է բերում, բայց ես սիրում եմ իմ գործը, այդ պատճառով էլ ընտրել եմ այս ուղին: Սուտ կլինի, եթե ասեմ, որ հանրային լինելը տհաճ է ինձ համար, հոգնել եմ դրանից, դա խանգարում է ինձ եւ այլն: Ես սիրում եմ իմ գործի բոլոր կողմերը: Շատ քիչ է պատահում, որ ուզում եմ «թաքնված» լինել: Հատկապես հաճելի է, երբ շատ մեծ քաղաքում, օրինակ` Նյու Յորքում, քայլում եմ, մեկ էլ մեկը վազում է դեպի ինձ: Սկզբում մտածում եմ, որ շփոթել է ինչ-որ մեկի հետ, բայց հետո հասկանում եմ, որ մոտեցողը հայ է, եւ նա ճանաչել է ինձ:

«Հաջողակ աստղի տակ եմ ծնվել»

Բոլոր կին արտիստների մասին էլ խոսակցություններ են շրջանառվում, քննարկվում է այն հարցը, թե ինչպես են նրանք դարձել հայտնի: Եթե նույնիսկ համարենք, որ նրանց հայտնի դարձրել են, վերջիվերջո, պետք է հանգենք այն մտքին, որ այն, ինչ նրանց տրվել է, պետք է պահել, չէ՞: Իսկ դրա համար տաղանդ է հարկավոր: Կարծում եմ` Աստված տվել է ինձ տաղանդ, որն ինձնից խլել չեն կարող: Բացի այդ` ես հաջողակ աստղի տակ եմ ծնվել: Գիտեք` շատ լավ երգիչներ կան, բայց քչերին է հաջողվում վայելել ժողովրդի սերը: Ես այդ առումով գոհ եմ առաջինը հենց իմ ժողովրդից, որն ինձ ընդունեց եւ կողքիս է առ այսօր:

«Ինտրիգ, պրովոկացիա. սովորական երեւույթներ են»

Յուրաքանչյուր մարդ իր կարծիքը հայտնելու իրավունք ունի: Երբ պետք է եղել՝ ես եւս այս կամ այն հարցի շուրջ հայտնել եմ իմ կարծիքը: Թե երբեմն ինչեր են եղել հետո, սովորական երեւույթներ են ինձ համար` ինտրիգ, պրովոկացիա եւ այլն: Համենայն դեպս, իմ բոլոր ասածների համար ես միշտ պատասխանատու եմ: Ինձ թվում է` այսքան ժամանակ որեւէ վատ արտահայտություն չեմ արել:

«Ճանաչելով ինձ` 180 աստիճանով փոխում են կարծիքը»

Երբ ինձ չճանաչողները շփվում են հետս, 180 աստիճանով փոխում են իրենց կարծիքն իմ մասին: Իսկ երբ չեն ճանաչում, հաճախ ուրիշ բաներ են մտածում… Մարդուն քննադատելուց, որեւէ բան խոսելուց առաջ նախ պետք է ճանաչել նրան:

«Ինչո՞ւ թաքցնել ընտանիքի անդամներին»

Այն հանրային անձանցից չեմ, որոնք իրենց ընտանիքի անդամներին թաքցնում են մարդկանցից: Կարծում եմ` պաշտպանելու բան չկա: Եթե ես հանրային եմ, ուրեմն պետք է իմ երեխաներին էլ ճանաչեն, տեսնեն, շփվեն նրանց հետ: Ինչո՞ւ թաքցնեմ:

«Սարսափելի է նույնիսկ մտածելը»

Երբեք չի եղել այնպես, որ ցանկանամ թողնել ոլորտը: Նույնիսկ այդ մասին մտածելը սարսափելի է ինձ համար:

Աննա Բաբաջանյան




Լրահոս