Արդեն երկու տարի է` սպասում եմ ֆինանսավորման. Գագիկ Մադոյանը մտադիր է նոր ֆիլմ նկարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, ռեժիսոր Գագիկ Մադոյանը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում նոր ներկայացում է բեմադրում: Պիեսի հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն է, հենց նա էլ Գագիկին հրավիրել է թատրոն: Վերջինս «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ներկայացումը, հավանաբար, փետրվարի վերջին կհանձնեն հանդիսատեսի դատին:

«Առաջին անգամ է, որ թատրոնում բեմադրություն եմ անում: Կարծում եմ` 17-18 տարվա բեմական փորձս, սցենարիստի, ռեժիսորի մասնագիտությունս կօգնեն ինձ լավ արդյունք ունենալ: Ներկայացման մեջ ընդգրկված են դերասաններ Արծրուն Չոբանյանը, Անի Խաչիկյանը, Գեորգի Հովակիմյանը, Լեւս Դավթյանը: Պիեսի հիմքում ամուսնացած զույգի սիրո պատմություն է: Դա լիրիկական կատակերգություն է, կամ ավելի ճիշտ` տրագիկոմեդիա»,-մանրամասնեց Գագիկը, ով, ի դեպ, նկարահավել է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում (ռեժիսոր` Մհեր Մկրտչյան):

«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կողմից մրցանակի արժանացած «Ճանապարհ» ֆիլմի ռեժիսորը մեզ պատմեց, որ եթե կարողանա ֆինանսական խնդիրը լուծել, այս տարի կսկսի նոր ֆիլմի նկարահանումները. «Արդեն երկու տարի է` սպասում եմ ֆինանսավորման: Սցենարը, որի հեղինակը ես եմ, պատրաստ է: Ֆիլմը հոգեբանական դրամա է: Այն պատմում է հոգեբուժարանում գտնվող մի մարդու մասին, որն ամենեւին էլ նման չէ հոգեկան խնդիրներ ունեցող մեկին եւ ամեն կերպ ցանկանում է դուրս գալ այդտեղից»,- նշեց Գագիկը:
Մենք հետաքրքրվեցինք` ինչու է ֆիլմի ֆինանսավորման հարցը ուշանում.

«Գումարի մի մասը պետք է տար Ազգային կինոկենտրոնը, մյուս մասը ես պետք է ճարեի, բայց դժվարանում եմ գումար գտնել. դա, իսկապես, շատ բարդ պրոցես է: Ամեն դեպքում, անպայման իրագործելու եմ նպատակս: Հնարավոր է նույնիսկ, որ մինչեւ այս ֆիլմը նկարահանելը հանդիսատեսի դատին հանձնեմ մեկ ուրիշ կինոնկար, որի սցենարը կգրեմ պատմվածքի հիման վրա, այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող»,-պատասխանեց մեր զրուցակիցը` հավելելով, որ ինքը նաեւ սիթքոմում նկարահանվելու առաջարկ ունի, որի շուրջ մտածում է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս