Բազմապրոֆիլ պաշտոնյան. երկար դեգերումներից հետո Արամայիս Գրիգորյանը կրկին նշանակվեց մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնապես ներկայացրեց Արամայիս Գրիգորյանին՝ որպես Արարատի նորանշանակ մարզպետ:

Այն, որ Ռուբիկ Աբրահամյանը հեռացվեց խաղից, որպեսզի Արարատի մարզում թուլացվեն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերը, եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ մարզում ՀՀԿ-ն լուրջ խնդիրների չբախվի, ակնհայտ է: Բոլորին է հայտնի, որ Արարատի մարզում ՀՀԿ-ի գրանցած հաջողությունները մեծապես պայմանավորված են եղել Հովիկ Աբրահամյանի գործոնով, եւ վերջինիս՝ ՀՀԿ-ից հեռանալուց հետո մարզում նման փոփոխությունները սպասելի էին: Սպասելի էր նաեւ Արամայիս Գրիգորյանի նշանակումը, եւ այժմ, թերեւս, արժի վերհիշել նորանշանակ մարզպետի՝ դեգերումներով լի պաշտոնական ուղին:

Արամայիս Գրիգորյանի քաղաքական կարիերան մեկնարկեց 2003 թվականի մայիսին, երբ նա ԱԺ պատգամավոր ընտրվեց թիվ 25 ընտրատարածքից։ Մինչեւ 2006 թվականի հունիսի 2-ը ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր։

2007 թվականի մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր ընտրվեց ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2008 թվականին, երբ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը դարձան կոալիցիոն գործընկերներ, Գրիգորյանը ՀՅԴ քվոտայով հունիսի 2-ին նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար: Սակայն այդ պաշտոնում նա մնաց ընդամենը մեկ տարի: 2009 թ. մայիսի 12-ին ՀՅԴ-ի իշխող կոալիցիայից դուրս գալու պատճառով Գրիգորյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Նկատենք, որ այդ ժամանակ հանուն պաշտոնի դեմ չգնալով կուսակցության մոտեցմանը եւ նախարարական պորտֆելց զրկվելով՝ Գրիգորյանը, այնուհանդերձ, շուրջ երկու տարի անց լքեց իր հարազատ կուսակցությունը: Նրա այս քայլը երկար չմնաց անարձագանք եւ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության որոշմամբ Գրիգորյանը «տեղափոխվեց» Արարատի մարզ՝ նշանակվելով Արարատի մարզպետ։

Ընդգծենք, որ այստեղ եւս Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի. 2014 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ բնապահպանության նախարար։ Ի տարբերություն նախորդ պաշտոնների՝ այս անգամ Գրիգորյանը հասցրեց պաշտոնավարել երկու տարի, սակայն 2016 թվականի սեպտեմբերին չհայտնվեց այն երջանիկների շարքում, որոնց հաջողվեց պահպանել իրենց դիրքերը Կարեն Կարապետյանի կառավարությունում: Գրիգորյանը զոհաբերվեց նախկին կուսակցի համար՝ իր տեղը զիջելով դաշնակցական Արծվիկ Մինասյանին:

Ահա, այսպիսի դեգերումներից հետո Գրիգորյանը կրկին նշանակվում է Արարատի մարզպետ. «Բոլոր նրանք, ովքեր կարողանում են պրոֆեսիոնալ աշխատել, վայելել ժողովրդի հարգանքը, կարող են կրկին նշանակվել նույն պաշտոնում»,- նման համեստ ինքնագնահատանքով երեկ լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը պատճառաբանեց իր վերանշանակումը:

Այսքանից հետո միայն կարելի է եզրակացնել, որ Գրիգորյանը իշխանության համար դարձել է պահեստային տարբերակ. որ պաշտոնը թափուր է մնում, եւ կարիք է լինում ժամանակավոր տեղապահ նշանակել, իշխանություններն այն «վստահում են» Գրիգորյանին: «Ես գնում եմ ժողովրդին ծառայելու, որպեսզի կարողանանք մի բան ավել անել, մեր ժողովրդի հոգսերը թեթեւացնել»,-երեկ հավաստիացրեց Գրիգորյանը: Մոտ առաջիկայում արդեն պարզ կդառնա՝ ժողովրդի՞ն, թե՞ բացառապես ՀՀԿ-ին է ծառայում նոր մարզպետը:

Վահագն Հակոբյան




Լրահոս