Ինչպես են փոշիացվում եվրոպական դրամաշնորհները. գրանտների յուրացումն ու ազատազրկված նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության ծրագրերից մեկով հայաստանյան ոչ առեւտրային մի կազմակերպության հատկացված դրամաշնորհը նպատակային չօգտագործելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով հասարակական կազմակերպություններից մեկի նախագահը դատապարտվել է ազատազրկման:

Պաշտոնական

2016 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից հասարակական կազմակերպության նախագահի կողմից առանձնապես խոշոր չափերի` 134.620 եվրոյին համարժեք դրամի հափշտակության դեպք: Ըստ այդմ, պարզվել էր, որ հասարակական կազմակերպությունը 2008 թվականին մասնակցել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի համար հայտարարված մրցույթին, որի արդյունքում 2008 թվականի դեկտեմբերին ստորագրվել է դրամաշնորհի պայմանագիր` նախատեսված մի քանի տարվա համար: Տեղեկացնենք, որ ԵՄ-ն պայմանագրով նախատեսված գումարները փոխանցել էր, սակայն կազմակերպության նախագահը յուրացրել էր այն, որը կազմել էր 134.620 եվրոյին համարժեք 67 միլիոն 335 հազար 130 դրամ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Հավելենք, որ ՀԿ-ի նախագահը դեռեւս նախաքննության ընթացքում վերականգնել էր հափշտակված գումարը:

Ինչպես են յուրացրել

Նկատենք, որ ՀՀ քննչական կոմիտեն չէր գաղտնազերծել, թե ով է հասարակական կազմակերպության նախագահը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական ոչ առեւտրային կազմակերպության նախագահ Սվետլանա Ասլանյանն է: «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործը ուղարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սվետլանա Ասլանյանը, տեղեկանալով Եվրոպական Միության պատվիրակության կողմից «Երիտասարդ կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնում» վերնագրով դրամաշնորհային մեկ այլ ծրագրի իրականացման համար հայտարարված մրցույթի մասին, որոշել է մասնակցել նաեւ դրան: Կազմել եւ ներկայացրել է ծրագիր նաեւ այդ պահանջներին համապատասխան, ինչից հետո իր ղեկավարությամբ գործող ՀԿ-ի եւ ԵՄ-ի միջեւ կնքվել է պայմանագիր ու ԵՄ-ն փոխանցել է 277.900 եվրո արժողությամբ դրամաշնորհ:

Գումարը ստանալուց հետո ՀԿ-ի նախագահը պետք է ԵՄ-ին ներկայացներ դրամական շարժը, թե ինչպես է ծախսել տրամադրված գումարը՝ հաշվետվության տեսքով: Ու որպեսզի չարած գործերը մատուցի որպես իրականություն, Սվետլանա Ասլանյանը կազմել է իրականում չանցկացված դասընթացների մասնակիցների կեղծ ցուցակներ: Ավելին՝ գրել է, թե, օրինակ, ծրագրի ընթացքում հրավիրված հյուրերին սուրճ են հյուրասիրել եւ դրա համար ծախսել մոտ 1 միլիոն դրամ: Բայց ո՛չ հյուր է ունեցել, ո՛չ էլ սուրճ է հյուրասիրել:

Ազատազրկումից մինչեւ հետախուզում

Եվ ահա այս փաստերը համադրելով՝ գործը նախագահող դատավոր Ա. Բեկթաշյանը 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացրել է հափշտակության մասով վճիռը, ըստ որի՝ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական ոչ առեւտրային կազմակերպության նախագահ Սվետլանա Ասլանյանը դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 1 / տարի ժամկետով:

Ի դեպ, այս դեպքով ԵՄ-ից հափշտակությունների գործը չի սահմանափակվում: Ինչպես հայտնի է՝ ՀՀ քննչական կոմիտեում նմանօրինակ հափշտակության մասով եւս մեկ քրեական գործ է քննվում: 8 անձի մեղադրանք է առաջադրվել, եւս երկու անձի՝ «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Գյոնջյանի եւ Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հավելենք, որ վերոնշյալ անձինք էլ խաբելով՝ ԵՄ-ից հափշտակել են մոտ 65 միլիոն դրամ (մոտ 120 հազար եվրո): Այս գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է:

Ահա թե ինչպես են փոշիացվում եվրոպական դրամաշնորհները, երբ դրանք հայտնվում են անբարեխիղճների ձեռքին: Իսկ իրական շատ կազմակերպություններ, որոնք լուրջ աշխատանքներ են կատարում, անհեթեթ պատճառաբանություններով մերժվում են ԵՄ-ի կողմից:

Քնար Մանուկյան




Լրահոս