ԱՄՆ-ի իշխանությունները ուրբաթ օրը հավելյալ սահմափակող միջոցներ են սահմանել Իրանի դեմ, փոխանցում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքը:
Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել 13 ֆիզիկական անձ և 12 ընկերություն:
Փաստաթղթում ասվում է, որ պատժամիջոցները սահմանվել են «ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր է ռազմական պատասխան Իրանի գործողություններին, ասել է. «Ոչինչ չի բացառվում»:
Հունվարի 29-ին Իրանը բալիստիկ հրթիռի փորձարկում էր անցկացրել: Ավելի ուշ Թեհրանը հաստատել էր այդ տեղեկությունն ու փորձարկումը հաջող անվանել:
Թրամփը՝ խոսելով Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին, ասել էր. «Իրանը կրակի հետ է խաղում»:
Իր հերթին, Իրանում պնդում են, որ Իրանն այդպիսով չի խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: ԱՄՆ-ի մեղադրանքներն Իրանում «սադրանք» են որակում: