ArmLur.am-ը ՀՀ Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ մարզպետ Վահե Հակոբյանը «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել կենտրոնի նորանշանակ տնօրեն Անուշ Ներսիսյանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Մարզի ղեկավարը, կարևորելով այն աշխատանքը, որը իրականացվում է առողջապահության ոլորտում, հույս հայտնեց, որ նորանշանակ տնօրենը բարեխղճորեն կկատարի իր առջև դրված պարտականությունները:
Բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Ներսիսյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ ցուցաբերած մեծագույն վստահության համար, ու վստահեցրել, որ բուժանձնակազմի հետ միասին մեծ պատասխանատվությամբ կմոտենան իրենց առաքելության իրականացմանը:
Նշենք, որ 2017թ. հունվարի 31-ին «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել Անուշ Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրենը Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն էր` Սաշիկ Խաչատրյանը: Վերջինս աշխատանքից ազատվեց հունվարի 30-ին:
ArmLur.am-ն նաև հայտնել էր, որ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքում ուշագրավ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես, այս հիվանդանոցի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն իրեն շուրջ 1,5 միլիոն դրամ աշխատավարձ է նշանակել: Նաեւ խախտումներ են հայտնաբերվել գնումների գործընթացում: