Արփինե Հովհաննիսյանը՝ բանտ մարմնավաճառներ տանելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության համակարգի աքիլլեսյան գարշապարը եղել եւ դեռ մնում է քրեակատարողական հիմնարկների գործունեությունը: Տակավին վերջերս էր, որ բացահայտվեց, թե ինչպես է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարել ՔԿՀ-ի պետի տեղակալը: Այդ համակարգում անասելի մեծ քանակությամբ «սեւ գումարներ» են պտտվում, որոնք քրեական աշխարհի ներկայացուցիչների տիրապետության տակ են: Ինչո՞ւ հնարավոր չէ մաքրել համակարգը:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների շուրջ աղմուկը չի դադարում: Տեւական ժամանակ է, ինչ ՔԿՀ-ի դատապարտյալներն ինքնավնասման են գնում կամ այլ կերպ աղմկում: Հունվարի 21-ի դեպքը օրինակ, երբ դատապարտյալները ինքնավնասման էին դիմել, քանի որ ՔԿՀ ղեկավարությունը նրանց տեղափոխել էր այնպիսի խուց, որտեղ, ըստ նրանց, անմիխթար վիճակ է: Արդյունքում դատապարտյալներն ասում են, թե իրենց իրավունքներն են ոտնահարվում, իսկ նախարարությունն էլ պարզաբանում է, թե դատապարտյալները կանոններին չեն ենթարկվում: Ի՞նչ է կատարվում:

-Այնտեղ եղել են բազմաթիվ դատապարտյալներ, որոնց վաղօրոք զգուշացվել է, որ իրենք տեղափոխվելու են, քանի որ առաջին հարկի այդ խցերը այլեւս չեն օգտագործվելու: Ոչ թե դա արվում է՝ ինչ-որ մեկին այդտեղ տեղավորելու համար, այլ պարզապես այս խցերը ի սկզբանե չպետք է այլեւս օգտագործվեն որեւէ մեկի համար. դրա մասին բարձրաձայնել են ե՛ւ իրենց փաստաբանները, ե՛ւ ՄԻՊ-ը: Իհարկե, այնպես չէ, որ լավագույն պայմաններն են այնտեղ, բայց շատ ավելի պատշաճ վիճակում է գտնվում, քան այն խուցը, որտեղ նրանք գտնվել են: Որեւէ բռնություն նրանց նկատմամբ չի եղել:

-Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դատապարտյալները իրենց ոտնահարված իրավունքների կամ ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասով նամակ են ուղղում ՀՀ արդարադատության նախարարին կամ Մարդու իրավուքների պաշտպանին, սակայն նամակները տեղ չեն հասնում, քանի որ արձագանք չեն ստանում: Կոնկրետ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալները նշում են, որ ՔԿՀ-ի ղեկավար Տիգրան Նավասարդյանը հսկողություն է իրականացնում նամակների վրա եւ այնպես է անում, որ բողոքները տեղ չհասնեն:

-Անկեղծ ասած՝ ես ունեմ դատապարտյալներից դիմումներ, այդ թվում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, բայց Ձեր խնդիրը կրկին ուսումնասիրության առարկա կդարձնեմ, եթե այդպիսի դեպքեր կան, ապա, բնականաբար, միջոցներ կձեռնարկվեն, որ չլինեն:

-Ինչպես հայտնի է՝ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նկատենք, որ ՔԿՀ-ի երկու շարքային պաշտոնյաներ հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, ըստ էության, նրանք դարձան քավության նոխազ, իսկ ահա «խոշոր ձկները» մնացին անպատիժ: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք ՔԿՀ-ի պետի տեղակալն առանց իր վերադասի իմացության կարող էր դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարել: Դուք այս դեպքից հետո ի՞նչ քայլեր եք իրականացրել:

-Քրեակատարողական վարչության կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքում էր բացահայտվել այդ դեպքը, որի վերաբերյալ պատրաստված նյութերն ուղարկվել էին համապատասխան իրավապահ մարմնին: ՀՔԾ-ի կողմից արդեն տրվել է այդ դեպքերի քրեաիրավական գնահատականը, եւ նույն հարցի վերաբերյալ արդարադատության նախարարությունը գնահատական տալու իրավասություն չունի:

Քնար Մանուկյան




Լրահոս