«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը վատնել է և՛ բյուջետային, և՛ վարկային միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը անցած տարվա մարտի 15-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը ուսումնասիրություններ է իրականացրել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում եւ բացահայտել, որ հատկացված վարկային եւ բյուջետային միջոցները ԾԻԳ-ը ծախսել է ոչ նպատակային:

Մասնավորապես դպրոցական կահույքի ձեռքբերման նախահաշվային արժեքը շուրջ երկու անգամ բարձր է ստացվել: Ձեւավորված 5 խմբաքանակներով իրականացված գնման արդյունքում նույն տեխնիկական բնութագրերով նույն ապրանքը, կազմակերպությունների կողմից տարբեր խմբաքանակներում առաջարկվել է գնային էական տարբերությամբ:

Այսպես՝ աշակերտական սեղանի առաջարկված նվազագույն գինը կազմել է 11 հազար 748 դրամ, առավելագույնը` 26 հազար 400 դրամ, տարբերությունը կազմել է 14 հազար 652 դրամ: Աշակերտական աթոռի նվազագույն գինը կազմել է 6 հազար 456 դրամ, առավելագույնը` 14 հազար 400 դրամ, տարբերությունը` 7 հազար 944 դրամ: Գրապահարանի նվազագույն գինը կազմել է 29 հազար 748 դրամ, առավելագույնը` 67 հազար 200 դրամ, տարբերությունը` 37 հազար 452 դրամ եւ այլն: Նաեւ ուսուցչական աթոռի գները բարձր են շուկայում առկա նույն աթոռի գներից:

Ըստ ՎՊ հաշվարկների՝ եթե ԾԻԳ-ը խմբաքանակները ձեւավորեր այլ սկզբունքով` ըստ առանձին անուն ապրանքների կամ ըստ իրար փոխլրացնող ապրանքների, ապա կարող էր տնտեսել շուրջ 200 մլն դրամ: Սա դեռ ամենը չէ. պարզվել է, որ դպրոցներին մատակարարված աշակերտական եւ ուսուցչական աթոռները չեն համապատասխանում տեխնիկական բնութագրի որոշ պահանջների: Իսկ, ահա, Լոռու մարզի երկու դպրոցներին՝ Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 եւ Ստեփանավանի Հ. Թումանյանի անվան ավագ դպրոցներին, մատակարարվել է կրկնակի կահույք եւ համակարգչային սարքավորումներ:

ՎՊ-ի հաշվետվության մեջ նշված է նաեւ, որ ԾԻԳ-ի կողմից նախատեսվել է լաբորատոր սարքավորումներ ձեռք բերել մանկավարժական 5 բուհերի համար: Գնման ենթակա լաբորատոր սարքավորումների նախահաշվային արժեքը կազմել է 600 հազար դոլար, որը համարժեք է 284 մլն 970 հազար դրամի: Իսկ 2015 թվականի հուլիսի 1-ի՝ ԿԳՆ-ի գրությամբ առաջարկվել է նույն լաբորատոր սարքավորումների երեքական համակազմ հատկացնել «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին: Բայց, ըստ ՎՊ-ի, տվյալ ՓԲԸ-ն մանկավարժական բուհ չի հանդիսանում, երբեւիցե մասնագիտական կրթական ծրագիր չի իրականացրել: Իսկ այդ համակազմերը նախատեսված են եղել մանկավարժական կադրեր պատրաստող մանկավարժական բուհերի համար:

Բացի այս՝ Գավառի պետական համալսարանում ֆիզիկա, քիմիա, Գորիսի պետական համալսարանում քիմիա, աշխարհագրություն, Վանաձորի պետական համալսարանում քիմիա առարկաների գծով, դրանց բացակայության պատճառով մասնագետներ չեն պատրաստում: ՎՊ-ն պարզել է, որ այդ առարկաների գծով նշված երեք բուհերին մոտ 39 մլն դրամ արժեքով լաբորատոր սարքավորումների հատկացումը հիմնավորված չէ, հետեւաբար ԾԻԳ-ը վարկային եւ բյուջետային միջոցները նպատակային չի օգտագործել:

«Ժողովուրդ»-ը ՎՊ հաշվետվությունից տեղեկացավ նաեւ, որ «Աշխատանքի վարձատրություն» հոդվածի տնտեսումների հաշվին 2015 թվականի նոյեմբերի 30-ին ԾԻԳ-ի տնօրենի հրամանով եւ ՀՀ ֆինանսների նախարարության՝ դեկտեմբերի 17-ի թույլտվությամբ ԾԻԳ-ի աշխատակիցները յուրաքանչյուր հրամանի շրջանակում պարգեւատրվել են մեկ ամսվա աշխատավարձի չափով, այսինքն` պարգեւատրվել են կրկնակի: Ընդհանուր գումարը կազմել է մոտ 18 մլն 200 հազար դրամ, որն աշխատավարձի ֆոնդի 14 տոկոսն է: Իսկ ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված ԾԻԳ-ի պահպանման ծախսերի՝ 2015 թվականի նախահաշվով վառելիքի ծախս է նախատեսվել 3 ավտոմեքենայի համար (4 մլն 656 հազար 900 դրամի 9533 լիտր բենզին), այն դեպքում, երբ շահագործվել է 2-ը, կամ ավել է նախատեսվել 1 մլն 392 հազար 200 դրամի 2 հազար 850 լիտր բենզին: Չեն պահպանվել նաեւ ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի որոշմամբ սահմանված բենզինի ծախսի նորմաները, ինչի արդյունքում ավելի է ծախսվել 838 լիտր բենզին (343 հազար 600 դրամ):

Ահա, այսպես՝ պարբերական բնույթ կրող չարաշահումների, վատնումների կամ էլ, վարչապետի ասած, «պրիմիտիվ գողությունների» արդյունքում ունենք այսպիսի տխուր պատկեր: Իսկ թե դրա համար ով ում «ողնաշարը պետք է կոտրի», հայտնի չէ:
ՀՀ ՎՊ բացահայտումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի հետ, որը այս պաշտոնին նշանակվել է անցած տարվա հունիսին: «Մենք մեր դիտողությունները, անհամաձայնությունը ներկայացրել ենք:

Այժմ այն քննարկման փուլում է գտնվում: Այս պահին ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է մեր մասով ՎՊ բացահայտումները»: Նշենք, որ մինչեւ նշված ԾԻԳ-ի ղեկավար նշանակվելը, Հովհաննիսյանը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենն էր, որից առաջ նա մոտ տասը տարի աշխատել է ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանի հետ, սկզբում նախարարությունում, ապա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես պրոռեկտոր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս