Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող անձանց համար բազմաթիվ խնդիրներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Հայաստանի բոլոր բնակավայրերում, այնպես էլ Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող անձանց համար բազմաթիվ խնդիրներ կան:
Նախորդ տարվա ընթացքում մարզի համայնքապետարաններում կառուցվել է ավելի քան 30 թեքահարթակ, շուրջ 40-ում մատչելիության ապահովման խնդիր կա, իսկ մյուսները շինարարական տեսակետից մատչելի են անվասայլակ օգտագործող մարդկանց համար: Ասել է թե՝ անգամ 40 համայնքապետարանները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ուր մնաց, թե տվյալ համայնքների մյուս կառույցները:

Թեքահարթակների խնդիրն առկա է նաեւ մարզի դպրոցներում: 163 կրթական հաստատություններից 103-ում է միայն առկա թեքահարթակ, իսկ շինարարական տեսակետից մատչելի են միայն 26-ը: Մարզի 31 առողջապահական ընկերություններից թեքահարթակներ ունեն միայն 28-ը, իսկ շինարարական տեսակետից մատչելի են 3-ը:

Նույն ԲԿ-ների կազմում գործող շուրջ 90 բուժամանկաբարձական կետերից 12-ում կառուցված են թեքահարթակներ, իսկ մնացածը կարելի է մատչելի համարել, քանի որ տեղակայված են հիմնականում միահարկ շինություններում: Այս մտահոգիչ տվյալները նախօրեին ներկայացրեց Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը: Ըստ նրա՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը 2016թ. հրավիրել է 5 նիստ՝ օրակարգային 22 հարցերով. «Հաշմանդամություն ունեցող անձանց համակողմանի աջակցությունը շարունակում է մնալ մարզպետարանի առաջնահերթ գործառույթներից մեկը»,- հավաստիացրեց վարչության պետը՝ հակառակ իր ներկայացրած թվերի:

Էդվարդ Արզումանյան

Վանաձոր




Լրահոս