Իմ կյանքը բաժանվեց երկու մասի` սիրուս գտնելուց առաջ և դրանից հետո. Արևիկ Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աննա», «Քաղցր կյանք», «Կյանքի կարուսել», «Գեներալի աղջիկը» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը, ով այժմ նկարահանվում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կյանքը շարունակվում է» հաղորդաշարում, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի ավարտական կուրսում: Նա այժմ պատրաստվում է դիպլոմային ներկայացմանը` հիմնված Պուշկինի ողբերգությունների վրա, այդ պատճառով էլ եթե նույնիսկ ինչ-ինչ նախագծերում ընդգրկվելու հրավերներ է ստանում, չի ընդունում դրանք:

«Սերիալներն, օրինակ, մշտական զբաղվածություն են պահանջում, ուստի նախընտրում եմ հանդես գալ հաղորդաշարում: Իհարկե, կան պատմություններ, որոնք անհնար է բացել երկու ժամվա ընթացքում: Բայց այդ դեպքում նախընտրում եմ ներկայանալ, օրինակ, 18 սերիայից բաղկացած բազմասերիանոց ֆիլմերում: Եվ հետո ինձ համար ցանկալի է սցենարին ծանոթ լինել նախապես, այլ ոչ թե նախագծի ընթացքում հասկանալ` կերպարդ ուր է գնում»,-մեկնաբանեց Արեւիկը:

«Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ դերասանուհին Սանկտ Պետերբուրգում նկարահանվել է ռուսական արտադրության նախագծում, որտեղ նրան վստահվել է առանցքային կերպարներից մեկը: Հետաքրքրվեցինք` երբ է ֆիլմը բարձրանալու մեծ էկրան, եւ խնդրեցինք դրա մասին մանրամասներ հայտնել. «Ֆիլմի պրեմիերան պետք է կայանա այս տարվա ընթացքում, ես մարմնավորել եմ հայ լրագրողի»,-ասաց մեր զրուցակիցը: Կինոնկարը, որի ռեժիսորը Ալեքսեյ Գերման կրտսերն է, հայ-հրեական ծագումով գրող Սերգեյ Դովլաթովի մասին է, այն հենց այդպես էլ կոչվում է` «Դովլաթով»:

Բացի ստեղծագործական կյանքին առնչվող նորություններից` 2016-ի աշնանը նշանադրված դերասանուհուց հետաքրքրվեցինք` այս տարի անձնական կյանքում կարգավիճակի փոփոխություն, այսինքն` ամուսնություն սպասվում է, թե ոչ. «Ոչ, այս տարի նման բան չի սպասվում»,-ասաց նա: Իսկ հարցին, թե արդյոք հոգեբանորեն պատրաստ է այդ քայլին, Արեւիկը պատասխանեց. «Ինձ թվում է` ոչ մեկն էլ հոգեբանորեն պատրաստ չի լինում դրան, դա ուղղակի կյանքի մի էտապ է: Իմ կյանքը բաժանվեց երկու մասի` սիրուս գտնելուց առաջ եւ դրանից հետո: Իսկ ամուսնությունը, գուցե, ցանկություն է` ծերանալ այն մարդու հետ, ում հետ կապում ես կյանքդ»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս