Հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել էր Մոսկվա, որտեղ օդանավակայանում նրան դիմավորել էին պատվո պահակախմբով: Ուշագրավն այն է, որ Կարապետյանը Մոսկվա էր մեկնել պաշտոնական, ոչ թե աշխատանքային այցով: Իսկ այդպիսի պատվի վաղուց է, ինչ ՀՀ վարչապետները չէին արժանացել:
Վերջին անգամ ՀՀ վարչապետի կարգավիճակում պաշտոնական այցով Մոսկվա մեկնած անձը եղել է Սերժ Սարգսյանը՝ 2007 թվականի սեպտեմբերի 25-ին: Նրանից հետո ՀՀ ոչ մի վարչապետ պաշտոնական այցով Մոսկվա չի մեկնել: Այդ պատվին չեն արժանացել ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ Հովիկ Աբրահամյանը: «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր, փորձագետ Մոդեստ Կոլերովն այս հանգամանքը կապում է Կարեն Կարապետյանի հանդեպ առկա վստահության բարձր մակարդակով, բայց միեւնույն ժամանակ ընդգծում, որ նա Մոսկվայի «մարդը» չէ:
-Պարո՛ն Կոլերով, եթե ամփոփելու լինենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա, ի՞նչ կարող ենք արձանագրել:
-Երկար տարիներ անց սա առաջին պաշտոնական այցն էր, այլ ոչ թե աշխատանքային: Սա, իհարկե, լուրջ աջակցություն, ճանաչում եւ ավանս է հենց անձամբ վարչապետին:
-Այսինքն՝ նման ընդունելության պատճառը հենց Կարեն Կարապետյանի անձն է՞:
-Այո՛, սա հատուկ վստահության ժեստ էր, քանի որ Հովիկ Աբրահամյանի դեպքում վստահության նման մակարդակ չկար: Բայց ուղեւորությունը չափազանց «աղքատ» էր, չկային լուրջ, սկզբունքային որոշումներ: Միգուցե այդ կոնտեքստում հաջորդ պաշտոնական հանդիպման ժամանակ ավելի լուրջ որոշումներ ընդունելու հիմքեր ստեղծվեն: Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ կառավարության լիազորությունների ընդլայնման հիմքեր կան: Հարցն այն է, թե որքանով հայկական իշխանությունները կկարողանան օգտագործել դրանք: Ամեն դեպքում, հիմա գլխավոր հարցն այն է, թե խորհրդարանական կառավարման անցնելուց հետո ինչպիսին կլինեն Սերժ Սարգսյանի լիդերության մեխանիզմները:
-Ստացվում է՝ Կարեն Կարապետյանը Մոսկվա՞յի «մարդ»-ն է:
-Դուք գիտե՞ք այն մասին, թե Կարեն Կարապետյանը Մոսկվայի «մարդ»-ն է, ասում են միայն Հայաստանում: Մոսկվայում դրան ուշադրություն չեն դարձնում: Այստեղ դատում են ոչ թե կուսակցական տոմսով, այլ ընդունված որոշումներով: Ես չեմ կարող դատել, թե որքանով է Կարապետյանին հաջողվում իրականացնել ռեֆորմներ, որքանով է նրան քաղաքական կշիռ պակասում, բայց Մոսկվայում էլ հարց են տալիս, թե որքան է Կարապետյանի ազդեցությունը: Դեռ կարճ ժամանակ է անցել, շատ բան չենք կարող ասել:
-Մոսկվան, առհասարակ, որքանո՞վ է հետաքրքրված ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններով:
-Ընդհանրապես հետաքրքրված չէ: Ընդգծեմ, որ Մոսկվայի միակ մտածմունքն այն է, թե ինչպես կաշխատի պետական համակարգը, ում հետ ենք գործ ունենալու, ով է ռեալ քննարկում եւ լուծում խնդիրները, ով է պատասխանատվություն կրում արդյունքի համար:
-Իսկ եթե ընտրությունների արդյունքներով Սերժ Սարգսյանը չկարողանա պահել իշխանությունը, ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի արձագանքը:
-Նախ նշեմ, որ Մոսկվան դեմ է ցանկացած հեղափոխության, քանի որ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ոչ մի այդպիսի փորձ հաջողություն չի ունեցել: Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին հակառուսական տրամադրություններ եւ երկխոսություններ: Եթե հայկական ընդդիմության մոտ միայն հակառուսական լոզունգներ են, ապա մեզ համար դա բացասական սցենար է:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՎԱՂՈՒՑ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ԵՆ, ԲԱՅՑ ԴԵՌ ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆԱՑՆՈՒՄ
Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, քաղաքական ինտրիգն ավելի է հասունանում, մեծանում է լարվածությունը, բայց, այնուամենայնիվ, որեւէ կուսակցություն դեռեւս վերջնական հստակեցում չի կատարում սպասվող ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին:
Չնայած այս օրերին քաղաքական տարբեր ուժերի փնտրտուքներին՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշում է, որ իրենց համար նման խնդիր չի եղել ի սկզբանե. «Մենք որեւիցե անորոշության խնդիր չունենք, ես կարծում եմ՝ քաղաքական դաշտը, ընդհակառակը, հստակ է այս պահին, եւ պարզ երեւում է մեր քաղաքական օրակարգը, մեր մասնակցության ձեւը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Վերջինիս կարծիքով՝ իրենք կուսակցության ծրագրերի մասին նոր չէ, որ պետք է խոսեն: Քոքոբելյանը վստահեցնում է՝ բազմիցս խոսել են, եւ իրենց քաղաքական օրակարգը, որով մինչ այս շարժվել են, մնացել է անփոփոխ.«Կարծում եմ՝ մյուս մասերով էլ էապես բան չկա, շատ հստակ է թե՛ աշխարհաքաղաքական առումով, թե՛, առհասարակ, մոտեցումների առումով, այսինքն՝ հասարակության համար նոր մոտեցումներ կամ նոր ինչ-որ խնդիրներ գոյություն չունեն, հասարակության համար շատ հստակ է, թե ով որտեղ եւ ինչ է անում: Եվ այս առումով հասարակության համար որեւէ գաղտնիք չկա»,- նշում է պատգամավորը:
Արդյո՞ք վերջնական ու հստակ են այն հայտարարությունները, որ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է դաշինքով, թե, այնուամենայնիվ, վերջին շրջանում տեղի ունեցած վերադասավորումներն ու անակնկալ որոշումները փոխել են նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դիրքորոշումը: «Մենք բազմիցս նշել ենք, որ «Ազատ դեմոկրատներ»-ը ընտրություններին մասնակցելու են լայն կոնսոլիդացված ցուցակով, եւ դա լինելու է մասնակից անդամների յուրովի դաշինքը, դա լինելու է ազատականների դաշինք: Այն մարդկանց կոնսոլիդացված ցուցակ է, որը կներկայացնի «Ազատ դեմոկրատներ»-ը: Դրանում կլինեն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում հետամուտ են եղել այն քաղաքական օրակարգին, որով մենք առաջնորդվել ենք եւ առաջնորդվում ենք հիմա»:
Քոքոբելյանը, սակայն, դարձյալ խուսափեց կոնկրետ անուններ բարձրաձայնելուց՝ ընդամենը նշելով, որ ցուցակի կազմը վերջնականապես կհստակեցվի առաջիկա շաբաթներին: «Առաջիկա շաբաթների ընթացքում թե՛ ցուցակի, թե՛ մարդկանց առումով հանրության դատին կներկայացնենք այն թիմը, որն այդ խնդիրների լուծման առաջարկողն է եւ ի զորու է լուծելու այն իրավիճակը, որն այսօր Հայաստանում կա»,- եզրափակեց Քոքոբելյանը:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՉՄԵԿՆԱԲԱՆՈՂԸ
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանից փորձեց պարզել, թե ինչ է մտածում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու քայլի մասին:
-Պարո՛ն Գաբրիելյան, Ձեզ համար անսպասելի՞ էր ՀՀԿ-ից դուրս գալու նրա որոշումը:
-Ինձ թվում է՝ բավականաչափ մեկնաբանողներ կան:
-Որպես փոխվարչապետ նաեւ նրա հետ եք աշխատել…
-Շնորհակալություն հարցի համար:
-Ասում են՝ նեղացած է իշխանություններից, դրա համար էլ այդպիսի որոշում է կայացրել:
-Ձեզ համար ասուլիս կլինի, Ձեզ կբացատրեն:
-Ես Ձեր կարծիքն եմ ցանկանում լսել:
-Ես չեմ մեկնաբանում:
ԱՐՏԱՌՈՑ ԲԱՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքական վերադարձին, ասել էր. «Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, դրական երեւույթ եմ համարում»:
«Ժողովուրդ» օրաթերթը Ծառուկյանի թիմակիցներից «Միասնություն» շարժման խորհրդի համակարգող Արման Վարդանյանին հարցրեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի Սարգսյանի այդ հայտարարությունը. «Յուրաքանչյուր մարդ կարող է ողջունել կամ չողջունել այս կամ այն մարդու ակտիվացումը կամ պասիվացումը քաղաքականության մեջ, դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է, այդ թվում նաեւ ՀՀ նախագահի, արտառոց բան դրա մեջ ես չեմ տեսնում: ՀՀ նախագահը, քանի որ լուրեր էին շրջանառվում մամուլում, որ այս ամենը պայմանավորված է, արդեն որոշված է, խաղ է եւ այլն, ընդամենն իր կողմից փաստել է, որ որեւիցե նման պայմանավորվածություն չկա, եւ, առավել եւս, ինքը դրան չի նայել դրական»,- ասել է նա:
1,5 ՄԼՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքում ուշագրավ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես այս հիվանդանոցի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն իրեն շուրջ 1,5 միլիոն դրամ աշխատավարձ է նշանակել: Նաեւ խախտումներ են հայտնաբերվել գնումների գործընթացում: Հատկանշական է այն հանգամանքը, որ այս խախտումները բացահայտվել են այն բանից հետո, երբ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով բժշկական կենտրոնում ստուգումներ են սկսվել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այդ ստուգումներն ունեն մեկ նպատակ՝ նորանշանակ մարզպետը փորձում է աշխատանքից ազատել նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին եւ նրանց փոխարինել իր վստահված անձանցով: Արդեն աշխատանքից ազատվել է Կապանի ԲԿ տնօրեն Սմբատ Օրբելյանը, հիմա էլ հերթը հասել է Սաշիկ Խաչատրյանին՝ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռանը: