ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՍՏԱՀԵԼԻ ՄԻՋԱՎԱՅՐ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչներին: Հանդիպմանը վարչապետն ընդգծել է, որ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին ներդրողների համար կառավարությունը կապահովի թափանցիկ, հավասար, մրցակցային պայմաններ՝ Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով:

ՌԴ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին նախօրեին հանձնարարեց ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձեւավորման մեկնարկը ապահովելու ուղղությամբ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց տնտեսագետներ Մեսրոպ Առաքելյանի եւ Վահագն Խաչատրյանի հետ:
-Արդյո՞ք իրատեսական եք համարում Հայաստանում հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումն ու արդյունավետ աշխատանքը:
Վահագն Խաչատրյան– Ես այս ամեն ինչը համարում եմ ուղղակի խոսակցություններ, որոնք նպատակաուղղված են նախընտրական քարոզչությանը: Ռեալ որեւէ ծրագիր ես չեմ տեսնում եւ մեծ մտավախություն ունեմ, որ այդպիսի ծրագիր երբեւէ կլինի:
Մեսրոպ Առաքելյան– Ներդրումների համար անհրաժեշտ է ունենալ վստահության մթնոլորտ, ինչը բացակայում է Հայաստանում: Որեւէ ներդրող, գործարար չունի իր բիզնեսի զարգացման տեսլական: Դրա համար նախ պետք է ունենալ երկրի, տնտեսության զարգացման հստակ տեսլական, որի ներքո էլ հնարավոր է նպաստել ներդրումների աճին: Հիմնադրամների, այլ կառույցների ստեղծումը ընդամենը ապահովում է ձեւ՝ այդպես էլ չլուծելով բովանդակային խնդիրները:
-Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի՝ անցած տարի Հայաստանում ոչ միայն նվազել են ներդրումները, այլեւ Ռուսաստանը դուրս է հանել իր կապիտալը: Սա ի՞նչ է նշանակում, եւ այս դեպքում ՌԴ-ի հայազգի գործարարների համար արդյո՞ք մեր երկրում ներդրում անելը կլինի շահավետ:
Վահագն Խաչատրյան– Ի վերջո, ներդրումներն ուղղվում են այնտեղ, որտեղ նպաստավոր պայմաններ կան, որոնց մեջ մտնում է նաեւ ավելի մեծ շահույթ ապահովելը: Իսկ Հայաստանը այդ երկիրը չէ, մենք ռիսկային երկիր ենք: Նորից հիշենք հայտնի Ադամ Սվիֆթին. ներդրումների համար հարկավոր է խաղաղություն, ցածր հարկեր եւ քիչ թե շատ խելացի օրենքներ: Մենք խաղաղություն չունենք, ցածր հարկեր՝ նույնպես, իսկ խելացի օրենքների հետ կապված կասկածներ ունեմ: Քանի որ մեզ մոտ օրենսդրական դաշտը ամեն տարի քրքրում են ու փոփոխում:
Մեսրոպ Առաքելյան– Տարեցտարի նկատվում է ներդրումների նվազում, ինչը պայմանավորված է միջավայրով: Ներդրումների համար ազգությունը, երկիրը երկրորդական է: Վստահելի միջավայրի դեպքում Ավստրալիայից էլ ներդրումներ կլինեն, հակառակ դեպքում՝ հայկական կապիտալն է լքում Հայաստանը: Ամեն ինչ կախված է իրենց բիզնես հետաքրքրություններից: Մինչ այժմ լուրջ ներդրումներ չեն նկատվել իրենց կողմից: Չեմ կարծում՝ առաջիկայում կակտիվանան՝ հաշվի առնելով տնտեսության մեջ առկա վստահության ճգնաժամի խորացումը:
-Պաշտոնապես տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 0.5 տոկոս: Սա այն դեպքում, երբ իշխանությունները նախորդ տարի խոստանում էին 2.4 տոկոս տնտեսական աճ ապահովել: Վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը տարին ամփոփում է անգամ առանց մեկ տոկոս տնտեսական աճի:
Վահագն Խաչատրյան– ՀՀ-ում տնտեսական աճ չի կարող լինել, որովհետեւ դրա համար պայմաններ չկան: Հայաստանի տնտեսական աճի ապահովումը քաղաքական դաշտում է գտնվում: Մեր երկիրը տնտեսական առումով ազատականացման կարիք ունի, մրցակցություն ապահովեք: Այդ 0.5 տոկոս տնտեսական աճն էլ, որ կա, դա ուղղակի նկարված թիվ է, որն էլ ապահովվել է առեւտրի, արտահանման հաշվին: Առաջիկայում կհամոզվենք, որ դա չի եղել:
Մեսրոպ Առաքելյան– 2009 թվականի ճգնաժամից հետո սա ամենացածր աճն է, եթե, իհարկե, սա կարելի է աճ համարել: Կառավարությունը միշտ էլ նախատեսում է զգալի աճ ապահովել, սակայն արդյունքը միշտ նույնն է. կոռուպցիայով, բազմաթիվ խնդիրներով լցված տնտեսությունը չի կարող աճ ապահովել:
-Փոխարենը աճում է արտաքին պարտքը, եւ չնայած սրան՝ կառավարությունը շարունակում է վարկեր վերցնել: Ի վերջո, վտանգ տեսնո՞ւմ եք:
Վահագն Խաչատրյան– Վտանգը վաղուց է: Պետական պարտքը ՀՆԱ-ի 56 տոկոսն է կազմում: Մենք անվճարունակության խնդրի առջեւ ենք կանգնելու, եթե տնտեսական աճ չապահովենք: Այնպես որ, այդ ռեսուրսն էլ է սպառված, եւ տնտեսական հաջողություն ունենալու համար այս տարվա խոստացված թվերն էլ իրականություն չեն դառնա: Ի դեպ, շատ անհաջող տարի է սկսվել, փետրվարին հաջորդող երկու ամիսները նախընտրական են լինելու: Եթե ընտրությունները անցնեն այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, ապա լավագույն դեպքում հունիսին հազիվ խելքի գանք: Այնպես որ, չեմ կարծում, որ կգտնվեն մարդիկ, որոնք կգան եւ այս պայմաններում ներդրում կանեն:
Մեսրոպ Առաքելյան– Պետական պարտքը ներգրավվում է բյուջեի դեֆիցիտի նպատակով, ինչը տարեցտարի աճում է: Ակնհայտ է, որ տնտեսության նման վիճակով հնարավոր չէ խուսափել նոր պարտք ավելացնելուց: Արդյունքում տարեցտարի բյուջեի վրա ծանրանում է պարտքի սպասարկման չափը: Ի դեպ, այս տարի արդեն պարտքի սպասարկմանն ուղղվելու է ավելի շատ գումար, քան կրթությանն ու առողջապահությանը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԲՈՒՔ ԵՎ ՑԱԾՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ
Շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով հունվարի 27-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է եղել միայն թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին եւս Վրաստանի ավտոճանապարհներին ձյան առատ տեղումները կշարունակվեն, սպասվում է նաեւ բուք եւ ցածր ջերմաստիճան: Ուստի վարորդներին խորհուրդ է տրվում առաջիկայում խուսափել նշված ճանապարհով երթեւեկելուց:
Տեղեկացնենք նաեւ, որ հունվարի 27-ին հանրապետական նշանակության Ջրաբեր-Ֆանտան ճանապարհը առատ ձյան, բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով ժամանակավորապես փակ էր: Բքի պատճառով փակ է եղել նաեւ Վարդենյաց լեռնանցքը: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

 

ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐ
Պատվաստումների ազգային օրացույցում նախատեսված է մինչեւ 2018թ. ներդնել մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումներ: Առողջապահության նախարարությունն այդ նպատակով 2016թ. օժանդակության համար ծրագրային առաջարկով դիմել էր ԳԱՎԻ (Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինք) կազմակերպությանը: Հավանություն տալով ներկայացված ծրագրին` ԳԱՎԻ-ին պատրաստակամություն է հայտնել առաջին երկու տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել պատվաստանյութը եւ պատվաստումների օժանդակ պարագաները, ինչպես նաեւ ներդրման նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը:
Վերջին 10 տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում իրականացվել է մոտ 200 մլն դեղաչափ ՄՊՎ պատվաստում, որի արդյունքում հավաքագրվել են դրա անվտանգության եւ արդյունավետության համոզիչ փաստարկներ եւ ակնառու ազդեցությունը՝ սեռական կոնդիլոմաներիկների, նախաքաղցկեղային վիճակների եւ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման հարցում:
Պատվաստանյութերը չեն պարունակում հակաբիոտիկներ եւ կոնսերվանտներ: ՀՀ-ում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո:

 

 

ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած ՀՀ 4 քաղաքացիները, ովքեր բուժվում էին Պավլովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցում, երեկ դուրս են գրվել:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Երեւան-Սանկտ Պետերբուրգ երթուղայինը վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում տուժել էր 9 անձ:




Լրահոս