
Կրեմլում անթույլատրելի են անվանել ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդավարի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին արված վիրավորանքը և ներողություն են ակնկալում նրանից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին հարցազրույց էր տվել, որի ժամանակ լրագրողն ասել էր, որ Պուտինը «մարդասպան» է, որից հետո Թրամփն ասել էր, որ ինքը հարգում է ՌԴ նախագահին:
«Fox News հեռուստաալիքի հաղորդավարի նման խոսքերը մենք անթույլատրելի և վիրավորական ենք համարում: Եվ, իհարկե, ներողություն ենք ակնկալում նման հարգված հեռուստաալիքից»,-ասել է Պեսկովը:
Ընդ որում, Պեսկովը չի մեկնաբանել Թրամփի պատասխանը: