Analitik.am լրատվական կայքի տնօրեն, շորթման մեղադրանքով կալանավորված Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ա. Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելը պաշտպանը հետապնդում է համարում: Ըստ մեր զրուցակցի՝ լրատվական կայքի տնօրենին այսկերպ փորձում են խոչընդոտել իր մասնագիտական գործունեությունը ծավալել, թեպեստև, փաստաբանի փոխանցմամբ՝ անազատության մեջ գտնվելով ևս Անի Հովհաննիսյանը շարունակում է աշխատել:
Ի դեպ, Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց նաև, որ իր ցուցմունքում Ա. Հովհաննիսյանը հայտնել, որ Տիգրան Ուրիխանյանի հետ գրավոր պայմանագիր է կնքել պատգամավորի գործունեությունը լուսաբանելու պայմանով, և հենց այդ պայմանագիրն էլ վարույթն իրականացնող մարմինը համարել է շորթում:
Պատգամավորը, նշենք, հայտարարել է, որ դատարան չի ներկայանալու, և այս առնչությամբ Լիպարիտ Սիմոնյանն ArmLur.am-ին հայտնեց, որ ինքը Ուրիխանյանին բազմաթիվ հարցեր ունի տալու, ուստի նրա ներկայանալու հարցը դատարանն ըստ պատշաճի կլուծի:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ «Analitik.am» կայքի տնօրենը պարբերաբար հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին և նրա մերձավորներին արատավորող, նրանց օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ: Դրանց վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, ով պատգամավորից ամսական 300 հազար դրամ է պահանջել` հակառակ դեպքում սպառնալով շարունակել նմանատիպ հրապարակումները:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի մայիսի 3-ին Երևան քաղաքի «Coffi story» սրճարանում հանդիպել են վերջիններիս ներկայացուցիչները՝ Վ.Գիշյանն ու Ս.Հարությունյանը, ինչի մասին Տ.Ուրիխանյանը նախապես տեղեկացրել էր իրավապահ մարմիններին: Հանդիպման ընթացքում պատգամավորի ներկայացուցիչ Ս.Հարությունյանը Անի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Վ.Գիշյանին է փոխանցել պահանջված գումարը, որից հետո իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառման արդյունքում Վ.Գիշյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է Ա. Հովհաննիսյանի շորթած 300.000 ՀՀ դրամ գումարը:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա.Հովհաննիսյանը, խոշոր չափերի` 1 մլն ՀՀ դրամի շորթում կատարելու դիտավորությամբ, 2016թ. փետրվարի 2-ից մինչև մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում, «Analitik.am» լրատվական կայքում պարբերաբար արատավորող տեղեկություններ է հրապարակել Հայաստանի տնտեսության համար «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի գործունեության, իբր, վնասակարության, Ադրբեջանի Հանրապետության կողմից բանկի միջոցով ՀՀ-ում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ:
Այնուհետև Անի Հովհաննիսյանը «Analitik.am» լրատվական կայքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պայմանագիր կնքելու, սակայն իրականում արատավորող տեղեկությունների հրապարակումը շարունակելու սպառնալիքով 1 մլն ՀՀ դրամ գումար տրամադրելու քողարկված պահանջով դիմել է բանկին: Բանկի կողմից մերժում ստանալուց հետո՝ 2016թ. մարտի 17-ից սկսած, Ա. Հովհաննիսյանը շարունակել է «Analitik.am» լրատվական կայքում բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը: Կատարած հանցավոր արարքների համար Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Նախաքննությունն ավարտվել է: