«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում, ինչպես եւ համանուն ֆիլմի առաջին մասում կարելի է հանդիպել դերասանական նոր սերնդի ներկայացուցիչների, այսպես ասած` թարմ դեմքերի: Նրանցից մեկն էլ Արծրուն Չոբանյանն է, ով աշխատում է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: «Ժողովուրդ»-ը դերասանի հետ զրուցել է իր համար դեբյուտային ֆիլմում մարմնավորած կերպարի, առաջիկա ծրագրերի, թատերական ասպարեզում իր տեղը գտնելու եւ այլ թեմաների շուրջ:
-Արծրո՛ւն, որքանով տեղյակ եմ` ծնվել եք Լոռիում: Հիմա հարազատ Ագարակ գյուղի հետ կապը պահո՞ւմ եք:
-Այո՛, իհարկե, մեր տունն այնտեղ է: Ուղղակի թատերական ինստիտուտում սովորելու տարիներին եկա Երեւան: Հետո գնացի բանակ, վերադարձա ու սովորեցի մագիստրատուրայում: Դրան հաջորդեց իմ աշխատանքը «Մհեր Մկրտչյան» թատրոնում (արդեն 6 ամիս է, ինչ այնտեղ եմ):
-Սովորաբար բուհում մեզ պատրաստում են այնպիսի կյանքի, միջավայրի, որը, հաճախ, իրականում գոյություն չունի: Եվ երբ տվյալ մասնագետը մուտք է գործում իր ասպարեզ, բախվում է խոչընդոտների, որոնց մասին չէր էլ կարող ենթադրել: Ձեր դեպքում ինչպե՞ս է այդ ամենը դասավորվել:
-Ես սովորել եմ Նիկոլայ Ծատուրյանի կուրսում: Նա միշտ սերմանել է մեր մեջ, որ այս ոլորտում պետք է անընդհատ պայքարել` քո տեղը գտնելու համար, ծանոթացրել է հետագա դժվարություններին: Հիմա ուսանողներից ամեն մեկը քիչ-քիչ սկսում է իր մաշկի վրա զգալ այդ ամենը: Մի մասը հաղթահարում է դա, մյուս մասը` ոչ: Դեռեւս ուսանողական տարիներից ընկերներով որոշել էինք ունենալ մեր թատերախումբը: Այդ ուղղությամբ մի քանի քայլեր արեցինք, բայց բան դուրս չեկավ, հիմա արդեն կազմը փոխել ենք, եւ ամեն բան քիչ-քիչ ստացվում է, նորից աշխատանքային պրոցեսի մեջ ենք: Այս թատերախմբում երիտասարդներ են, որոնք ուզում են իրենց ոլորտում ինչ-որ բան փոխել, բայց դրա հնարավորությունը չունեն:
-Իսկ ինչո՞ւ չունեն, դրսեւորվելու արենա չկա՞:
-Երեւի պատճառը թատրոնների խիտ եւ քիչ լինելն է: Այսինքն` անձնակազմերը երիտասարդներին դժվարությամբ են ընդունում թատրոն: Սերնդափոխության պրոցեսը ծանր կերպով է տեղի ունենում: Թատերական ինստիտուտն ամեն տարի առնվազն 25 դերասան է տալիս այս դաշտին: Դա նշանակում է, որ այդ երիտասարդները պետք է գտնեն իրենց տեղերը: Իսկ թատրոններում տեղավորվելը շատ դժվար է: Գուցե ելքն այն է, որ ավագ սերնդի ներկայացուցիչները չլքեն թատրոնները, բայց երիտասարդներին էլ հրավիրեն, տեղ տան: Ի վերջո, թատրոնը երիտասարդի ավյուն է սիրում:
-Արծրո՛ւն, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը էկրան բարձրացրեց նոր, «անաղարտ» դեմքերի: Առաջին քայլը այդ ուղղությամբ արված է, ի՞նչ եք կարծում` ի՞նչ է հարկավոր, որ այս միտումը շարունակական բնույթ կրի:
-Հուսով եմ` կլինեն մարդիկ, որոնք երկրորդ, երրորդ քայլերը կանեն եւ երիտասարդներին իրենց կարողությունները ցուցադրելու հնարավորություն կընձեռեն: Բայց դա իմ լավատեսական մոտեցումն է: Չի բացառվում, որ ռեժիսորները նախապատվությունը տան արդեն ծանոթ, նույն դեմքերին:
-«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում մարմնավորել եք հատուկ ջոկատայինի: Բանակում ծառայած լինելու հանգամանքը օգնե՞ց դրան:
-Այո՛, բայց բանակում ծառայելը մի բան է, խաղալը, այն էլ` հատուկ ջոկատայինի` այլ: Դրա համար հատուկ պատրաստվածություն է պետք: Ամեն դեպքում, հեռու չեմ այդ ամենից: Եղել է նաեւ մասնագիտական խորհրդատվություն: Ես մարմնավորել եմ կիրթ, հումորով տղայի:
-Իսկ թատրոնում կա՞ նոր ներկայացում, որտեղ Ձեզ կտեսնենք: Առհասարակ, ո՞ր ռեժիսորների հետ կցանկանաք աշխատել:
-Մարտի սկզբին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում «Փշրված պատրանքների գիշեր» պիեսի հիման վրա (հեղ.` Մհեր Մկրտչյան): Ես եւ Անի Խաչիկյանը գլխավոր դերերում ենք: Ինչ վերաբերում է նախընտրելի ռեժիսորին, ապա ինձ համար միշտ էլ հաճելի է աշխատել Նարինե Գրիգորյանի հետ, ով եղել է նաեւ իմ դասախոսը: Հաճույքով հարմար առիթի դեպքում կհամագործակցեմ:
Աննա Բաբաջանյան