Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը միանում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած շարժմանը: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին:
«2014թ.-ից ի վեր Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը համագործակցել է Գագիկ Ծառուկյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ մաս կազմելով համաժողովրդական շարժման, իսկ 2015թ. տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո շարունակել է արդյունավետ փոխգործակցությունն Ազգային ժողովում, Բարգավաճ Հայաստանի հետ միասնական ցուցակով մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Տարիների այս սերտ համագործակցությունը մեր կուսակցությունների միջեւ ապացուցել է իր կենսունակությունը, քաղաքական մոտեցումների ընդհանրությունը եւ ունի բոլոր հնարավորությունները շարունակվել նաեւ գալիք ընտրություններին եւ դրանցից հետո:
Ուստի՝Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, մտահոգ լինելով երկրի բարեհաջող ապագայի համար արմատական սոցիալ-տնտեսական եւ քաղաքական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ եւ գտնելով, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող շարժումն ունի լրջագույն ներուժ բեկում մտցնելու քաղաքական գործընթացներում, հայտարարում է, որ անկախ բանակցությունների վերջնարդյունքից միանում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած շարժմանն ու կոչ է անում իր կուսակիցներին եւ համակիրներին ակտիվորեն մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին եւ իրենց ձայնը տալ «Գագիկ Ծառուկյան» դաշինքին»,- ասվում է հայտարարության մեջ: