Մինչ Հայաստանում հույս ունեն մտնել խորհրդարան և թանկարժեք կոստյումներ հագնել, բացասական սալդոն կազմում է մոտ 48 հազար մարդ. Regnum

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանում քաղաքական բոլոր ուժերն ինքնամոռաց պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին` հույս ունենալով գոնե 6-7% և ևս մի քանի տարի ստանալ, հագնել թանկարժեք կոստյումներ և նստել երկրի խորհրդարանում, Ազգային վիճակագրական ծառայությունը 2016թ. միգրացիայի մասին տվյալներ է հրապարակել, գրում է ռուսական Regnum գործակալությունը:

Այդ տվյալները սփոփիչ չեն` ի տարբերություն երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման բոլոր տարիներին: Բացասական սալդոն կազմել է մոտ 48 հազար մարդ: Մոտ 11 տոկոսով ավել, քան 2015թ.-ին: Եվ դա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 14 տարվա ընթացքում: Սակայն սա չդարձավ Հայաստանի համար գլխավոր նորությունը, որտեղ բոլորը պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին` նախատեսված ապրիլի 2-ին:

Իշխող Հանրապետական կուսակցության համար վիճակագրական ցուցանիշները հրաման չեն, և նրանք պատրաստվում են հետագայում ևս ղեկավարել: Կուսակցության անդամների մեծամասնությունն այդ տվյալները չի տեսնի, դրա ժամանակը չունի: Նրանց համար գլխավորը խորհրդարան մտնելն է: Անփոփոխ աճ է գրանցում Հայաստանի պետական պարտքը, որն այսօր կազմում է մոտ 11 միլիարդ դոլար: Նույնիսկ հետխորհրդային տարածքում դժվար էր գտնել մի երկիր նման ցուցանիշով և անփոփոխ իշխանությամբ: Գտնվելով Առաջավոր Ասիայում` Հայաստանն իրեն եվրոպական երկիր է համարում, եվրոպական ավանդույթներով: Ժողովրդավարական խաղեր է խաղում: Եվ ահա պատրաստվում է ժողովրդավարական ընտրություններին:

Ընտրություններից առաջ կուսակցությունները սնկի նման աճում են: Սակայն գլխավորն այն է, որ Հանրապետական կուսակցությունը դեռևս վստահ է, որ իր հաղթանակն անփոփոխ է, իսկ իրենց առաջնորդին` Սերժ Սարգսյանին, այլընտրանք չկա, ում ղեկավարման 8 տարիների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, երկրից հեռացել է ավելի քան 300 000 մարդ: Մինչ երկիրը ղեկավարում է ՀՀԿ-ն, Հայաստանում կմնան միայն այդ կուսակցության անդամներն ու կողմնակիցները: Սակայն այդ ամենի համար երկրի ղեկավարները ժամանակ չունեն. սկզբում ընտրություններ, հետո կմտածենք մնացածի մասին:

Հայաստանի` արդեն արդիականությունը կորցրած վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է իր քաղաքական շոուն: Օրերս գտնվելով Հայաստանի ամենաաղքատ քաղաքում` Գյումրիում, նա վստահեցրեց լրագրողներին, որ գյումրեցիներին քիչ է մնացել տառապելու համար, շուտով ներդրումներ կկատարվեն, հիմնադրամ է արդեն ստեղծվել: Սակայն նկատելով, որ լրագրողներն իրեն չեն հավատում, Կարեն Կարապետյանը կշտամբեց, թե «եթե չեք հավատում, այդպես դեպրեսիվ էլ կմնաք»:

Խորհրդարանական ընտրություններին մոտ 2 ամիս է մնացել, սակայն ամենահետաքրքիրը դեռ առջևում է, քանի որ այդպես էլ գաղտնիք մնաց, թե ի վերջո ո՞ ւմ կմիանա Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գլխավոր հարցն այն է, թե ընտրություններին ո՞ ւմ իր ծառայություններն ու «ձայներ հավաքելու» իր վարպետությունը կառաջարկի Հովիկ Աբրահամյանը: Սակայն ակնհայտ է, որ նա կմիանա իր խնամի Գագիկ Ծառուկյանի` ՀՀԿ-ին որպես այլընտրանք ստեղված կոալիցիային:

Այդ դեպքում ստացվում է, որ տեղի օլիգարխները դեմ են դուրս եկել Սերժ Սարգսյանին և ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին, ով նրա գլխավոր երաշխավորն է: Իսկ դա արդեն լուրջ, ոչ քաղաքական «ռազբորկաներ» են` անկանխատեսելի արդյունքով: Չնայած, հնարավոր է, որ «մեծն շախմատիստն» ինքն է այդ սցենարի հեղինակը: Միայն թե այդ դեպքում Սարգսյանի նախկին դաշնակիցների գործողություններն անկանխատեսելի են մնում: Հայաստանին, մեկ խոսքով, թեժ ապրիլ է սպասվում, սակայն կրկին առանց երկրի քաղաքացիների մասնակցության:




Լրահոս