ՀԱՐՑ. Ես գրանցված աշխատող եմ, սակայն հիմա գտնվում եմ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում եւ ստանում եմ ամսական 18.000 դրամ գումար: Պատրաստվում եմ ունենալ 2-րդ երեխան: Ուզում եմ իմանալ՝ ես իմ աշխատավայրից կարո՞ղ եմ ստանալ հղիության եւ ծննդաբերության արձակուրդային վճար: Եվ խնդրում եմ ասեք նաեւ՝ ես ներկայիս 18.000 դրամից բացի՝ 2-րդ երեխայի համար նույնպե՞ս կարող եմ ստանալ 18.000 դրամ:
Անահիտ Մնացականյան (30 տարեկան, դեղագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչեւ աշխատողի աշխատանքի անցնելը:
ՀՀ կառավարության՝ 2011թ. հուլիսի 14-ի թիվ 1024-Ն որոշման 2-րդ հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է մայրության նպաստ վճարելու մասին գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա:
Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի՝ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:
Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին հաջորդ երեխայի համար խնամքի նպաստը օրենքով սահմանված կարգով նշանակվում է այդ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Ելնելով վերոգրյալից՝ քաղաքացին խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում ունի մայրության նպաստի իրավունք, ընդ որում, մայրության նպաստի վճարման համար հիմք է հանդիսանում գործատուի՝ մայրության նպաստ վճարելու մասին անհատական իրավական ակտը:
շարունակելի
ՀՀ ԱՍՀՆ հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, մայրության նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին դիմողը գրավոր ծանուցվում է: