09.02.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • «Արմենպրես» լրատվական գործակալության հյուրերն են «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, ՀՀ փաստաբանական պալատում Լապշինի պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը

ՓԵՏՐՎԱՐԻ 9-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի, ՀՀ փաստաբանական պալատում Լապշինի պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Բելառուսից բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բաքու: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սահմանային լարվածության ավելացում:

 

  • «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանում երկու եկեղեցական տոների` Սբ. Սարգսի և Տրնդեզի տոնակատարություններին նվիրված ասուլիս

Փետրվարի 9–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանում երկու եկեղեցական տոների` Սբ. Սարգսի և Տրնդեզի տոնակատարություններին նվիրված ասուլիս։
Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշում է հրամանատար Սուրբ Սարգսի տոնը` երիտասարդների օրհնության օրը: Բացի այդ, փետրվարի 13-ին նշվում է Տրնդեզը կամ Տյառնընդառաջը, որը ժողովրդի ամենասիրված տոներից մեկն է:

Ասուլիսի ընթացքում կքննարկվեն երկու տոների ավանդական սովորույթները և դրանց ժամանակակից մեկնաբանությունը:

Ասուլիսի բանախոսներն են`

– Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը;

– Հայոց ազգագրության թանգարանի գիտաշխատող, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը։

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  • Փետրվարի 9-ին՝ Վահան Տերյանի ծննդյան օրը, ժամը 14.30-ին, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում (Աբովյան 52 ա, ԵՊՀ 8-րդ մասնաշենք) տեղի կունենա Գ. Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի շնորհանդեսը:

1915 թվականի դեկտեմբերին Վահան Տերյանն այցելել է Երևան և Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցի սաներին հանձնարարել է նկարագրել Հայոց ցեղասպանությունը: Բացի նրանից, որ երեխաների ձեռագրերը բացառիկ փաստաթղթեր են, որոնք պատմագիտական շատ կարևոր նյութ են պարունակում, նրանք հսկայական ազդեցություն են թողել Վահան Տերյանի հետագա կյանքի և ստեղծագործության վրա: Մանրամասների համար զանգահարել 094499410:

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

  • Տեղի կունենա ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարը

Փետրվարի 9–ին՝ ժամը 15։00–ին, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում (հասցե՝ Մելիք–Ադամյան 1) տեղի կունենա ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարը։

Միջոցառումը բաց է լուսաբանման համար։

ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Սփյուռքահայ ներդրողների մասնակցությամբ տեղի կունենա կլոր-սեղան քննարկում

Փետրվարի 9-ին, ժամը 14.30-ին, ՀՀ սփյուռքի նախարարության դահլիճում տեղի կունենա «Հայաստանում ներդրումներին՝ սփյուռքահայերի մասնակցությունը» թեմայով կլոր-սեղան քննարկում: (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Կքննարկվեն Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին, Գյումրիում և Շիրակի մարզում ներդրումների հեռանկարներին, Սփյուռքի հետ կազմակերպված միջոցառումների փորձին, արդյունավետ համագործակցությանը, Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրին, ներդրումային քաղաքականությանը, Հայաստանում հարկային և մաքսային արտոնություններին, բիզնես միջավայրի զարգացման համար հարկային նոր օրենսգրքի առավելություններին, դժվարություններին և խնդիրներին և առնչվող հարցեր:

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ

Փետրվարի 9-ին, ժամը 15:00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Կարո Եղնուկյանի բողոքը ՀՀ Գլխավոր դատախազի անգործության դեմ։




Լրահոս