Հայտնի, հաջողակ հայերի միջոցով պետք է բարձրացնենք մեր երկրի ճանաչելիությունը, զարգացնենք կառավարման մշակույթը. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ սփյուռքի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության նախարարները և Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքներին, նշել է, որ շարունակվել են Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականների կեցության, կրթության, աշխատանքի և այլ հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները: Կարևորվել են սփյուռքի հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը նպաստող միջոցառումները: Հաջողությամբ իրականացվել են «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերը, մասնակիցների համար 2016թ. ևս կազմակերպվել են հայոց լեզվի արագացված դասընթացներ: Նախարարը նշել է, որ 2016թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության 25-ամյա հոբելյաններին են նվիրվել նախարարության բոլոր ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որն աննախադեպ է եղել մասնակիցների թվով:

Հրանուշ Հակոբյանը զեկուցել է նաև 2017 թ. գերակա խնդիրների մասին՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի և իրաքահայերի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համակարգում, սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով աջակցության տրամադրում,մասնագիտական վերապատրաստումների իրականացում, աջակցություն Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումների գործունեությանը, սփյուռքահայ ուսուցիչների և երիտասարդների համար Երևանում հայոց լեզվի (արևմտահայերենի և արևելահայերենի) արագացված դասընթացների կազմակերպում և այլն:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է նախարարության գործունեությունը սփյուռքահայության հետ կապերի ամրապնդման գործում և նշել. «Մենք ձեր օղակները, հարթակը պետք է օգտագործենք, որպեսզի ստանանք մուլտիպլիկատիվ էֆեկտ: Մեզ պետք է կառավարման մշակույթ, շփում մեր հայրենակիցների հետ: Որպես պոտենցիալ դեսպաններ՝ հայտնի, հաջողակ հայերի միջոցով պետք է բարձրացնենք մեր երկրի ճանաչելիությունը, զարգացնենք կառավարման մշակույթը»:

 

 




Լրահոս