Կարմիր լամպեր կան, որոնք մեզ հուշում են՝ ուր գնանք, ինչ անենք. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ սփյուռքի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության նախարարները և Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ 2016 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1155.0 մլրդ դրամ (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված միջոցների)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0.7 տոկոսով, իսկ հարկային եկամուտները և տուրքերը` 1,079.7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 1.1 տոկոսով: Ծախսերի սահուն իրականացման և անհրաժեշտ բյուջետային «բարձիկների» ձևավորման նպատակով բարելավվել է հարկաբյուջետային կարգապահությունը, ինչպես նաև ավելացվել է ներքին շուկայում պետական պարտատոմսերի թողարկման հաշվին լրացուցիչ միջոցների ներգրավումը:

Գնումների ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նվազել են գնման ձևերը, պարզեցվել են ընթացակարգերի կազմակերպման ու դրանց մասնակցության պայմանները, ձևավորվել է բողոքարկման արտադատական գործունակ և անկախ համակարգ, բարձրացվել է գնման գործընթացների թափանցիկության և հրապարակայնության աստիճանը, մեխանիզմներ են նախատեսվել կոռուպցիոն հնարավոր դեպքերը կանխարգելելու համար: Ընդլայնվել է էլեկտրոնային գնումների ARMEPS/PPCM համակարգը օգտագործող պատվիրատուների և էլեկտրոնային գնումների համակարգով իրականացվող գնումների շրջանակը:

Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017 թ. գերակա խնդիրները՝ ներդնել արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մոնիտորինգի և կոորդինացման համակարգ` պետական բյուջեին համահունչ ծրագրերի իրականացման նպատակով, ստեղծել նախատեսվող և համաձայնեցված արտաքին ֆինանսավորմամբ ծրագրերի տվյալների բազա:

Վարչապետը, անդրադառնալով Ֆինանսների նախարարության 2017 թ. անելիքներին, նշել է, որ ֆինանսական հոսքերը և ծախսերն անհրաժեշտ է կառավարել կոշտ և կտրուկ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ վարկային միջոցների օգտագործման մասով պետք է ձևակերպել հստակ հայտանիշեր: «Ունեք բավական հետաքրքիր մակրո և ոչ մակրո վերլուծություն, որի հիման վրա առաջարկում եմ հստակ ձևակերպել այն դաշտը, որտեղ ՊԵԿ-ը պետք է ստվերը բերի սպիտակ դաշտ, որպեսզի հավասարաչափ բոլորի վրա բեռը չտարածի: Մեր վիճակագրական տվյալների վերլուծության մեջ բազմաթիվ խնդիրներ և կարմիր լամպեր կան, որոնք մեզ հուշում են՝ ուր գնանք, ինչ անենք»,- ասել է վարչապետը՝ կարևորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հարթակի վրա կանոնավոր քննարկումների կազմակերպումը:

 




Լրահոս