Արամայիս Գրիգորյանն Արտաշատի պոլիկլինիկայի տնօրենին սպառնացել է հեռացնել, եթե ՀՀԿ-ի համար չաշխատի. բուժաշխատողները գործադուլ են հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը դեռ չնշանակված անցել է նախընտրական  գործունեությանը:

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գրիգորյանն իր մոտ է կանչել Արտաշատի պոլիկլինիկայի տնօրենին Սերինե Հայրապետյանին և հրահանգել աշխատել «Հայաստանի հանրապետական» կուսակցության համար:

Մարզպետը, մասնավորապես, նշել է, որ պոլիկլինիկայի աշխատակիցները պետք է խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեն ՀՀԿ-ին տան:

Տնօրենը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը և հավելեց, որ ինքը ի պատասխան մարզպետի հրահանգի՝ պարզաբանել է, որ անկուսակցական է, ծանրաբեռնված աշխատում է և չի կարող քարոզչական գործունեությամբ զբաղվել: Իսկ մարզպետն իր հերթին հայտարարել է, որ դիմում-բողոքներ կան պոլիկլինիկայից այն մասին, որ Սերինե Հայրապետյանը հակաքարոզչություն է իրականացնում. «Ես մարզպետին խնդրեցի ինձ ապացույցներ ներկայացնել, թե ինչ դիմումների մասին է խոսքը, նա մերժեց՝ ասելով, որ ինձ ապացուցելու բան չունի: Ես հեռացված եմ աշխատանքից: Եվ հիմա ողջ կոլեկտիվը հավաքված է իմ աշխատասենյակում: Պատրաստվում ենք դիմումներ ներկայացնել հանրապետության նախագահին, վարչապետին, ինչպես նաև մարզպետին: Որից հետո կգնանք մարզպետարան»,- հայտնեց պոլիկլինիկայի տնօրենը:

Վերջինիս փոխանցմամբ՝ ողջ անձնակազմը գործադուլ է հայտարարել, և բոլորը հայտարարում են, որ բուժաշխատողները ՀՀԿ-ի համար քարոզչական աշխատանքներ չեն տանելու:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաև Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն ապարդյուն: Մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց նաև Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանը:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս