ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս կարող եմ փոխել իմ կենսաթոշակի տեսակը: Եվ խնդրում եմ ասեք՝ եթե այն փոփոխության ենթարկվի, ապա ես ո՞ր օրվանից կարող եմ ստանալ իմ կենսաթոշակը:
Մհեր Հարությունյան (62 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը: Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է՝ կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:
Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակվում է՝
1. կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.
2. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.
3. կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում՝ անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում՝ անհայտ կորելու) oրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.
4. զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո՝ վեց ամսվա ընքացքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ վերոնշյալ ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից: