Ինչ է ասել Արամայիս Գրիգորյանը Արտաշատի պոլիկլինիկայի աշխատակիցներին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը երեկ հայտնել է, որ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը դեռ չնշանակված անցել է նախընտրական  գործունեությանը: Մասնավորապես, Գրիգորյանն իր մոտ է կանչել Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանին և հայտարարել, որ հակաքարոզչություն իրականացնելու պատճառով նա հեռացված է աշխատանքից: Ավելին, մարզպետն ասել է, որ պոլիկլինիկայի մի շարք աշխատակիցներ դիմում-բողոք են ներկայացրել տնօրենին ազատելու պահանջով:

Սերինե Հայրապետյանը, սակայն, մեզ հետ զրույցում հայտարարեց, որ որևէ դիմում-բողոքի ապացույց մարզպետ Գրիգորյանն իրեն չի ներկայացրել, իսկ աշխատակիցները երեկ ողջ օրվա ընթացքում գործադուլ են հայտարարել, գնացել մարզպետարան և պահանջել ապացույցները:

Քիչ առաջ պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանն ArmLur.am-ին հայտնեց, որ ինքն այսօր ներկայացել է իր բնականոն աշխատանքին, աշխատակիցները ևս տեղում են:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` երեկ մարզպետարան այցելած աշխատակիցներից միայն մի քանի հոգուն է «հաջողվել» հանդիպել Արամայիս Գրիգորյանին և քննարկել ստեղծված իրավիճակը:

Մարզպետը բուժաշխատողներին ասել է, թե կարող են աշխատել, իսկ տնօրենի հեռացման հետ կապված որևէ պարզաբանում չի տվել:

«Ինձ աշխատանքից հեռացնելու իրավասություն ունի միայն «Արտաշատի» բժշկական կենտրոնի տնօրենը, մարզպետը նման լիազորություններ չունի: Այն էլ հակաքարոզի համար: Ի՞նչ է դա ընդհանրապես իրենից ներկայացնում, ի՞նր հակաքարոզ: Ես իմ աշխատողներին ասել եմ, որ անեն իրենց աշխատանքը, պետք չէ որևէ բանի խառնվել: 40 տարի է` աշխատում եմ, երբևէ նման բաների մեջ չեմ ընկել: Անկուսակցական եմ եղել: Ի՞նչ քարոզի մասին է խոսքը»,- պարզաբանեց պոլիկլինիկայի տնօրենը:

Թե ինչու է մարզպետը նման տրամադրվածություն դրսևորել Սերինե Հայրապետյանի նկատմամբ, դեռևս հայտնի չէ: Մարզպետի և նրա տեղակալներից որևէ մեկի հետ կապ հաստատել չի հաջողվում: Համենայն դեպս, տեղեկություններ են շրջանառվում, որոնց մասին առավել մանրամասն կհայտնենք «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

Տաթև Հարությունյան




Լրահոս