Հունվարի 27-ին տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի, ապա խորհրդի նիստերից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ կուսակցության համագումարում ընդունված կանոնադրական փոփոխությունների համաձայն՝ ՀՀԿ-ն այլեւս ունի ավագների խորհուրդ, որի նախագահ է ընտրվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ի՞նչ պետք է անի ավագների խորհուրդը, արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀԿ-ում լինելու է սերնդափոխություն, եւ հնարավո՞ր է դրա արդյունքում տարաձայնություններ առաջանան ՀՀԿ-ի հնաբնակների եւ երիտթեւի միջեւ. այս եւ այլ հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից:
-Տիկի՛ն Նաղդալյան, ի՞նչ գործառույթներ է իրականացնելու ՀՀԿ-ի ավագների խորհուրդը:
-Պետք է կանոնակարգի կուսակցության ավագների, տարեցների հսկայական փորձառությունը, այս տարիների ընթացքում ունեցած իրենց գաղափարական, քաղաքական, տարբեր-տարբեր ոլորտների մասնագիտական եւ այլ կարողությունները՝ այդ ամենը ծառայեցնելով կուսակցությանը:
-Իսկ արդյո՞ք այս քայլով կուսակցությունը սերնդափոխության մեկնարկն է տալիս:
-Կուսակցությունը մշտապես կատարում է սերնդափոխություն, ընդհանրապես հանրապետականն այդ փոփոխությունը ոչ թե անում է, այլ մշտապես այդ ուղղության վրա է, որովհետեւ մենք ունենք մեծ թվով անդամներ, ովքեր երկար տարիներ է՝ կուսակցության մեջ են, ովքեր ունեն մեծ կենսագրություն, եւ իմաստուն, փորձառու մարդիկ են, ովքեր իսկապես շատ բան են կուտակել, որ կարող են հանձնել իրենց երիտասարդ գործընկերներին:
Բայց դրա հետ միասին, մեր կուսակցությունը, լինելով երկրի ամենամեծաթիվ կուսակցությունը, ունի նաեւ հսկայական երիտասարդական զանգված, հսկայական անդամակցություն փայլուն երիտասարդների, ովքեր ունեն գրագիտություն, կրթվածություն, բայց նրանք պետք է փորձառություն հավաքեն, նրանք պետք է աշխատանքային կենսափորձ ունենան, եւ ավագներն այս իմաստով մեզ համար անելիք ունեն:
-Ինչո՞ւ հիմա որոշվեց ստեղծել այդ խորհուրդը:
-Տեսեք, օրինակ՝ տասը տարի առաջ կուսակցությունը դեռ չուներ այդքան տարիքի եւ փորձառության մարդիկ իր շարքերում: Ընդհանրապես, երկու-երեք տարի առաջ ստեղծված կուսակցությունը չի էլ ունենա, բայց Հանրապետականն արդեն քսան տարուց ավելի կենսագրություն ունի, եւ մարդիկ են եղել, ովքեր կուսակցությունը հիմնադրելու ժամանակ եղել են հենց այն տարիքին, ինչպիսին այսօր մեր երիտասարդ սերունդն է, այսինքն՝ նրանք ունեն արդեն կուտակած շատ փորձ՝ նշանակություն ունեցող բան փոխանցելու, հանձնելու:
-Տիկի՛ն Նաղդալյան, սերնդափոխությունը նեղացվածություն չի՞ առաջացնի ավագների մոտ:
-Ընդհանրապես յուրաքանյուր բան, որ անարդարացի արվի, կարող է նեղացվածություն առաջացնել յուրաքանչյուրի մոտ, ում նկատմամբ որ անարդարույթուն է եղել:
-Ըստ էության, շատերը նեղացան եւ դուրս եկան կուսակցությունից:
-Մեր կուսակցության ղեկավար մարմնի կողմից եւ մեր կուսակցության ղեկավարի կողմից կա արդարամտություն եւ արդարացի վերաբերմունք յուրաքանչյուրի նկատմամբ, դրա համար նեղացվածություն բառը մենք տեղին չենք համարում:
-Որպես ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, խնդրում եմ՝ մեկնաբանեք նախընտրական ցուցակներում հայտնվելու հետ կապված ՀՀԿ-ի կանանց միջեւ սկսված տարաձայնությունների մասին համառորեն շրջանառվող տեղեկությունները: Ինչու՞մ է խնդիրը, չե՞ք կարողանում բաշխել տեղերը կանանց միջեւ:
-Մեր կուսակցությունում չկա նման խնդիր ո՛չ չորրորդ համարի, ո՛չ տասնչորսերորդ համարի, ո՛չ էլ առաջադրման շուրջ, այս խնդիրները մեր կուսակցությունում լուծվում են կուսակցության ղեկավար մարմինների, գործադիր մարմնի եւ կուսակցության ղեկավարի կողմից՝ հաշվի առնելով բազմակողմանի տեղեկատավությունը, երկար տարիների՝ իրար հետ աշխատելու փորձառությունը, իրար լավ խորքային ճանաչելը: Մեր ղեկավարը բոլորիս մասին ամեն ինչ գիտի եւ կարողանում է բազմակողմանի եւ ճիշտ գնահատել, ո՞ր մեկը, որտե՞ղ, ո՞ր գործում կարող է առավել արդյունավետ լինել, եւ այդ որոշումները դրա հիման վրա են կայացվում:
-ՀՀԿ-ն այնքան ներուժ չունի՞, որ այլ կուսակցություններից եւս մարդիկ է ներգրավում, մտավախություն չունե՞ք, որ այդ ճամբարափոխները մի օր էլ, կարող է, ՀՀԿ-ից հեռանան:
-Ինչու մտավախություն, փաստեր էլ ունենք, որ լքում են, բայց դրա նկատմամբ էլ ունենք գնահատական եւ հասկանում ենք, որ մարդիկ, ովքեր լքում են, այն մարդիկ են, ովքեր մեր ծրագրերի եւ մեր գաղափարների հենքի հետ որեւէ բան չունեն եւ պատահական, ժամանակավոր ուղեկիցն են եղել մեր կուսակցության՝ ելնելով իրենց անձնական շահերից: Այսօր այլեւս դրա տեղը չկա:
Ինչ վերաբերում է ներուժին, ՀՀԿ-ն այսօր ՀՀ-ի ամենամասսայական եւ ամենամեծ պոտենցիալն ունեցող կուսակցությունն է, բայց մշտապես բաց է եղել համագործակցության համար, մշտապես կարողացել է ե՛ւ իր շարքերում, ե՛ւ գործադիր տարբեր պաշտոններում տեղ տալ եւ տեսնել մարդկանց, ովքեր ուրույն մոտեցում ունեն, ովքեր ունեն իրենց որոշակի ներուժը եւ իրենց առաջարկները, մոտեցումները, որով կարող են օգտակար լինել ընդհանուր գործին:
Մենք մտածում ենք, որ դրանով հարստացնում ենք ինքներս մեզ, մեր կուսակցությունը եւ դրանով մենք օգուտ ենք բերում ընդհանուր մեր պետության, պետականության զարգացման գործին, եւ որեւէ մրցակցային, նեղացվածային մոտեցումներ չկան: Նման անհանգստություն մենք չունենք:
Վահագն Հակոբյան