Սերժ Սարգսյանը եւ, ընդհանրապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի մյուս մշտական ընթերցողները կարող են ուրախանալ. օրերս լույս է տեսել նրա հերթական գիրքը: Շքեղ թղթի վրա գունավոր տպագրությամբ ծավալուն այս գրքում հայերեն ու ռուսերեն լեզուներով ամփոփված են Գեղամյանի վերջին հոդվածները, ելույթները, հարցազրույցները, անգամ միջազգային կառույցներում նրա հնչեցրած թեկուզ եւ փոքր հարցերը:
Գեղամյանի նոր ժողովածուն հարմարեցված է աշխարհաքաղաքական նոր իրավիճակին. գրքի շապիկին Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի, Ֆրանսուա Օլանդի լուսանկարներից բացի՝ տեղ է գտել ԱՄՆ նոր նախագահի՝ Դոնալդ Թրամփի լուսանկարը: Գիրքն էլ վերնագրված է «2016թ. տագնապների եւ հույսերի տարի»: Միայն թե Գեղամյանի գործունեությանը ուշադիր հետեւողների աչքից չի վրիպել, որ նոր գրքի վերնագիրը շատ նման է նախորդ տարի հրատարակվածին. այն կոչվում էր «Տագնապների եւ հույսի ժամանակները»:
Ի դեպ, մեր թղթակցի աչքից չի վրիպել փաստը, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից Սամվել Ֆարմանյանի աշխատասենյակում Գեղամյանի գրքերը տեղադրված են Լենինի հատորների կողքին: