Ապրիլի 2-ին նշանակված ընտրություններին ընդառաջ՝ «Ժողովուրդը» շարունակում է ներկայացնել ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորների գործունեությունը: Այսօր կանդրադառնանք ԱԺ ՕԵԿ խմբակցութան ղեկավար Հեղինե Բիշարյանի օրենսդրական աշխատանքին: Նկատենք, որ խմբակցության ղեկավարը ԱԺ-ում իր կուսակցությունների փաստացի ղեկավարն է, եւ կոնկրետ այս դեպքում կարծես կասկած չկա, որ կհայտնվի նոր ԱԺ-ում:
«Հայկական վերածնունդի» վերածված ՕԵԿ-ը Ազգային ժողովում ղեկավարում է Հեղինե Բիշարյանը: Վերջինս քաղաքական դաշտում նավարկում է Արթուր Բաղդասարյանին զուգահեռ: Եթե Բաղդասարյանը ընդդիմադիր է, նույն կեցվածքն է նախընտրում նաեւ Բիշարյանը: 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում Բիշարյանը իր կուսակցության հետ բռնել էր արմատական ընդդիմության ուղեգիծը:
Դրա վառ վկայություններից էին նաեւ քվեարկությունից հետո Բիշարյանի միանալը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին եւ ընտրությունների կեղծման մասին արված հայտարարությունները: Սակայն 2008թ. փետրվարի 29-ին Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ կնքված համաձայնությամբ Բիշարյանը մոռացավ, որ ընտրությունները կեղծվել են, եւ լծվեց մարտի 1-ի արյունահեղությանը գնացած իշխանությանը սատարելու «սուրբ» գործին:
Ավելին` ԱՄՆ դիվանագետների հետ գաղտնի զրույցներում Բիշարյանը բացահայտել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիանալու պատճառը եղել է Արթուր Բաղդասարյանին վարչապետի պաշտոն չխոստանալը: ԱԺ-ում Հեղինե Բիշարյանը կողմ է քվեարկել 558 օրինագծերի, դեմ եղել 64 անգամ, ձեռնպահ` 163:
ՕԵԿ խմբակցության ղեկավարը բացակայել է 63 անգամ, 104 անգամ էլ հրաժարվել քվեարկություններից: Իր հռետորական յուրահատուկ ձիրքով հայտնի Բիշարյանը 156 անգամ հանդես է եկել հարցերով, 124 անգամ խոսել ԱԺ ամբիոնից: Անժխտելիորեն, նա ՕԵԿ-ի առանցքային ներկայացուցիչներից է, որի ներկայությունը խորհրդարանում երաշխավորված է, եթե, իհարկե, հանկարծ Սերժ Սարգսյանը վերջին պահին չորոշի, որ ՕԵԿ-ն իրեն այլեւս պետք չէ:
Ն. Հովսեփյան