Հովիկ Աբովյանը «Փարոսի» պետի շնորհիվ նպատակ ունի ամրապնդել իր դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր տարվա շեմին՝ 2016թ. դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով, որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Բերդի տարածքային գործակալության (ՍԱՏԳ) պետ Անդրանիկ Շառյանին շնորհել քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

53-ամյա Ա. Շառյանը 2016թ. սեպտեմբերի 29-ին է նշանակվել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Բերդի ՍԱՏԳ-ի պետ: Նա Բերդի նախկին քաղաքապետն է, ով քաղաքը ղեկավարել է 10 տարի՝ 2002-2012թթ.: Ա. Շառյանը Բերդի գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանին պարտվել է 2012թ. սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Դրանից հետո՝ 2013թ. հուլիսի 16-ին, Տավուշի մարզպետ (այժմ՝ նախկին) Արմեն Ղուլարյանը որոշում է ընդունել Ա. Շառյանին իր խորհրդական նշանակել՝ նրա համար սահմանելով 150 հազար դրամ աշխատավարձ: Ա. Շառյանը որպես մարզպետի խորհրդական մի քանի ամիս աշխատել է նաեւ 2015թ. մայիսի 15-ից՝ Հովիկ Աբովյանի Տավուշի մարզպետ նշանակվելուց հետո:

«Ժողովրդի» տեղեկություններով՝ իր նախկին խորհրդականին Բերդի «փարոսի պետ» նշանակելով՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նպատակ ունի խորհրդարանական ընտրություններից առաջ Բերդի տարածաշրջանում ամրապնդել իր դիրքերը: Ընտանեկան նպաստ եւ միանվագ, հրատապ դրամական օգնություններ տրամադրող սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի պաշտոնը շատ կարեւոր է: Այդ պաշտոնը տնօրինողը ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում կարող է շատ ձայներ ապահովել: Մանավանդ նախկին քաղաքապետը, ով 10 տարի ղեկավարել է Բերդը, որտեղ բազմաթիվ կողմնակիցներ ունի: «Ժողովրդի» տեղեկություններով՝ առաջիկա ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով Տավուշի մարզում առաջադրվողների թվում է «Գրանդ հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ տոբակո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը: Նա ծագումով Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղից է: Բերդի տարածաշրջանի բնակիչները ընտրություններում միշտ ընտրում են իրենց հայրենակիցներին:

Առավել եւս, որ «Գրանդ հոլդինգը» Տավուշի մարզում, այդ թվում Բերդի տարածաշրջանի համայնքներում բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Հովիկ Աբովյանի համար, սակայն, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առավել նախընտրելի թեկնածուն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն է: Նա երիտասարդ է, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ: Իսկ Բերդի տարածաշրջանի համայնքների բնակիչները նրան այնքան էլ լավ չեն ճանաչում, որպեսզի պատգամավոր ընտրեն: Եվ ահա Բերդի «փարոսի պետ» Անդրանիկ Շառյանը կարող է մեծապես աջակցել Կարեն Նազարյանի ընտրությանը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս