Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2017թ. փետրվարի 1-ին որոշել է լուծել Բերդի բժշկական կենտրոնի երկարամյա տնօրեն Արամ Հարությունյանի հետ 2014թ. փետրվարի 1-ին կնքած աշխատանքային պայմանագիրը: Ա. Հարությունյանը պաշտոնից ազատվել է կենսաթոշակային տարիքի պատճառով: Մարզպետը մեկ այլ որոշմամբ Բերդի ԲԿ-ի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրել է այդ ԲԿ-ի տնօրենի բուժական գծով տեղակալ Զվարդ Ծատուրյանի վրա: Նշենք, որ Բերդի ԲԿ-ում վաղուց բժիշկների պակասի խնդիր կա:
Պատճառը Երեւանից Բերդ քաղաքի մեծ հեռավորությունն է, տարածքի վտանգավոր, գնդակոծության գոտի լինելը, բժիշկների ստացած ոչ մեծ վարձատրությունը: Ա. Հարությունյանը հայտնեց, որ Բերդի ԲԿ-ում թափուր են բժիշկ-անզգայացնողի, հոգեբույժի, քիթ-կոկորդի մասնագետի աշխատատեղերը: Բերդի բժշկական կենտրոնի վիրաբույժը, գինեկոլոգը, նեվրոպաթալոգը տարեց են, նրանց փոխարինելու կարիք կա: Բժշկական կենտրոնում աշխատող բժիշկներից մեկն անգամ 80 տարեկան է: Առողջապահության նախարարությունում վաղուց են տեղյակ այս խնդրին, սակայն հիմնահարցը չի լուծվում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ