«Միավորված հայեր» կուսակցությունը լքել է «Հայկական վերածնունդ»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից նախկին «Միավորված հայեր» կուսակցության մի խումբ անդամներ հայտարարել են ՀՎԿ-ից դուրս գալու մասին:

Այս առնչությամբ այսօր տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Նորաստեղծ ՀՎԿ-ն իր շուրջ երկամյա գործունեության ընթացքում ի վիճակի չեղավ կյանքի կոչել որդեգրած հիմնադրույթները, որոնք համահունչ էին «Միավորված հայեր» կուսակցության ծրագրին: Դրան նպաստեց «Օրինաց երկիր» կուսակցությունից (ՕԵԿ) ժառանգած գործելակերպը՝

– հակառակ «Միավորված հայեր» կուսակցության հետ 01.06.2015 թ. կնքած համաձայնագրի՝ ՕԵԿ-ի դե յուրե չլուծարվելն ու նորաստեղծ ՀՎԿ-ին չմիանալը, կուսակցության կառավարման համակարգի դե ֆակտո ուզուրպացումն ու ՀՎԿ-ի հիմնադիր կուսակցությունների քաղաքական մեկուսացումը: Մասնավորապես՝

– կուսակցության սկզբնական, համայնքային, տարածքային ու մարզային կազմակերպությունների ղեկավար կազմերում եւ վարչության խորհրդում միայն ՕԵԿ-ի անդամների նշանակումը, ինչպես նաեւ 2016թ. ՏԻՄ ընտրություններին նրանց առաջադրումը,

– կուսակցության միանձնյա ղեկավարումը, խոսքի, գործի եւ իրականության անհամապատասխանությունը՝ ՀՎԿ-ն, լինելով գաղափարախոսությամբ պետականամետ ուժ, հայտարարում է իրեն ընդդիմադիր, սակայն վարում է պոպուլիստական, ականջահաճո քաղաքականություն:

ՀՎԿ Կառավարման խորհրդի կազմից նախկին «Միավորված հայեր» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամները նշված եւ այլ թերությունների վերացման առաջարկով 08.10.2016թ. հայտարարությունով դիմել են կուսակցությանը եւ, քանի որ ընձեռված ողջամիտ ժամկետում ոչինչ չփոխվեց, 18.01.2017թ. ՀՎԿ-ի ղեկավարությանը գրավոր կերպով հայտնել են իրենց անդամությունը դադարեցնելու մասին:

Մենք համոզված ենք, որ եթե «Հայկական վերածնունդ» կուսակցությունը շարունակի ՕԵԿ-ից ժառանգած քաղաքականությունը, ապա ի վիճակի չի լինելու ձեռք բերել ժողովրդի հավատն ու վստահությունը»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից եւ Կառավարման խորհրդի նախկին անդամներ՝ Ռուբեն Ավագյան, Հրաչիկ Հակոբջանյան, Վաղարշակ Վարդանյան, Հովհաննես Հովհաննիսյան եւ ուրիշներ




Լրահոս