ԹՐԱՄՓՆ ԱԼԵԿՈԾՈՒՄ Է ԱՇԽԱՐՀՆ ԻՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական կյանքը փոթորկվում է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քայլերից` ահաբեկելով ոչ միայն ամերիկյան հասարակությանը, այլեւ ողջ աշխարհը: Զարմանալիորեն բազմելով ԱՄՆ նախագահի պաշտոնին` Թրամփը ձեռնամուխ է եղել իր աղմկահարույց խոստումներն ի կատար ածելու գործին: Այդ շարքում անհրաժեշտ է առաջին հերթին քննել Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների քաղաքացիներին ԱՄՆ մուտք գործելու իրավունքից զրկելու նախագահական հրամանագիրը:

Նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ բազմաթիվ վերլուծաբաններ կանխատեսում էին, որ Թրամփն իր հակասական խոստումները չի համարձակվի իրականություն դարձնել` պայմանավորված այդ պաշտոնի լրջությամբ ու պատասխանատվությամբ: Սակայն Թրամփը կարծես մտադրված է արմատապես ջախջախել քաղաքագիտության տեսաբաններին` նորօրյա քաղաքական գործունեությունը լիովին կտրելով դասական կարծրատիպերից: Նա գործի է անցել եւ մեկը մյուսի հետեւից հրապարակում է նախընտրական իր խոստումներն իրականություն դարձնող ամենատարօրինակ հրամանագրերը: Այդ շարքում է Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ 90 օրով արգելելու մասին նախագահական հրամանը: Միաժամանակ հրամանագրով 120 օրով կասեցվում է փախստականների ընդունումը: Իր գործողություններն անվանելով «պայքար ահաբեկչության դեմ»՝ ԱՄՆ 45-րդ նախագահը նույնիսկ պատժում է վարչակազմի այն գործիչներին, որոնք հրաժարվում են ենթարկվել իր քաղաքականությանը: Նախագահ ընտրվելիս Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրել էր Ձեֆֆ Սեշընի թեկնածությունը, որը, սակայն, ցայսօր չի հաստատվել ԱՄՆ Սենատի կողմից` պայմանավորված դեմոկրատ սենատորների քաղաքական ամբիցիաներով:
Եվ ահա քանի դեռ Թրամփի նոր դատախազն ի վիճակի չէ անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, պաշտոնում մնացել էր նախկին դատախազ Սելլի Յեյթսը` Օբամայի կադրը: Վերջինս Թրամփի այս հրամանագրի հանդեպ խիստ բացասական վերաբերմունք ուներ, հետեւաբար կասկածի տակ էր դրել դրա հիմնավորվածությունը, հրաժարվել կատարել նախագահի հրամանն ու պաշտպանել այն ԱՄՆ Գերագույն դատարանում: ԱՄՆ գլխավոր դատախազի նման պահվածքը վճռականորեն հունից հանեց նախագահին, որը, մեղադրելով Յեյթսին դավաճանության եւ սուբորդինացիայի խախտման մեջ, անմիջապես ազատեց աշխատանքից: Հիշենք, որ Հայաստանում նույնպես նման պրակտիկա եղել է, երբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը 2008թ. նախագահական ընտրություններից հետո միացավ Ազատության հրապարակում ընտրությունների արդյունքները վիճարկող ցուցարարներին: Դրան անմիջապես հետեւեց Քոչարյանի հրամանագիրը Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու մասին: Սակայն եթե ԱՄՆ-ում գլխավոր դատախազը հրաժարվել էր կատարել նախագահական հրամանագիրը, ապա Հայաստանում գլխավոր դատախազի տեղակալը բարձրաձայնել էր ընտրակեղծիքների փաստի մասին, ուստի եւ այս առումով Քոչարյանի ու Թրամփի գործողությունները չի կարելի միեւնույն հարթության մեջ դիտարկել:
Ավելին` նախագահի մամուլի խոսնակ Սեն Սփենսերը հրապարակավ սպառնացել է նաեւ Թրամփի հրամանագրի դեմ հանդես եկող ամերիկացի դիվանագետներին: Ըստ նրա` այն դեսպանները, որոնք կհրաժարվեն գործել հրամանագրի համաձայն, կարող են լքել իրենց պաշտոնները: Խոսնակի պնդմամբ` Թրամփը ձեռնարկում է անհրաժեշտ քայլերը Միացյալ Նահանգները անվտանգ միջավայր դարձնելու համար եւ գնահատում է դիվանագետների անձնվեր աշխատանքը: Միաժամանակ Սփենսերը հավելել է, որ այն մարդիկ, որոնք կասկածի տակ են դնում նախագահի քաղաքականությունը, պետք է հեռանան: Ըստ էության, Թրամփի խոսնակը այնքան էլ սխալ պնդում չի կատարում, քանզի ԱՄՆ դիվանագետները առաջին հերթին պարտավոր են կատարել նախագահի հրամանագիրն ու սատարել նրա արտաքին քաղաքականությանը: Իսկ եթե դրա հետ կապված խնդիրներ ունեն, պետք է հեռանան:
Անկախ նրանից՝ խոսքը ԱՄՆ-ի մասին է, թե որեւէ այլ երկրի, դիվանագիտական աշխատանքում եւ հատկապես արտաքին հարաբերությունների կազմակերպման հարցում գործադիր իշխանությունում տարակարծություններ չպետք է լինեն: Դրանք կարող են դրսեւորվել ներքաղաքական ճակատում, առաջին հերթին ընտրությունների ժամանակ, սակայն երբ ընտրյալ նախագահը սկսում է իր խոստումներն իրագործել, ինչի հետ համամիտ չեն նշանակված դեսպանները, ապա վերջիններս պիտի հեռանան` հարգելով ժողովրդի ընտրությունը: Հիշենք, որ Հայաստանում նույն 2008թ. ծագեց նմանատիպ մի խնդիր, երբ ՀՀ արտակարգ եւ լիազոր չորս դեսպաններ հատուկ հայտարարությամբ կոչ էին անում երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից: Ռոբերտ Քոչարյանը օրենքի կոպտագույն խախտմամբ անմիջապես աշխատանքից ազատեց նրանց եւ զրկեց դիվանագիտական կոչումներից: Սակայն կրկին էական համեմատություններ անցկացնելը տեղին չէ, քանզի եթե ամերիկյան դիվանագետները հրաժարվում են կատարել նախագահի հրամանը, ապա հայ դիվանագետները սոսկ բարձրաձայնել էին բռնության կիրառման անթույլատրելիության մասին: Արդ, եթե ամերիկյան ժողովրդավարությունում նախագահը օրինաչափորեն կարող է աշխատանքից հեռացնել իր քաղաքականությանը հակադրվողներին եւ հրամանագիրը չկատարողներին, ապա հայաստանյան ժողովրդավարության պայմաններում պաշտոնից ու կոչումից կարելի է զրկվել նույնիսկ մտահոգություն արտահայտելու ու բռնի ուժի կիրառումից զերծ մնալու կոչի համար:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԳԱԶ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՐԵՔ ՕՐ ՃԱՇ ՉԻ ԵՓԵԼ

Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ «Գազպրոմ Արմենիայի» եւ «Հայ էլեկտրական ցանցերի» տեսուչները անջատում են գազն ու էլէներգիան: Երեկ նման մի հեռախոսազանգ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը ստացավ ՀՀ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի Ռոզա Մկրտչյանից: Մեզ զանգահարած քաղաքացին պատմեց, որ արդեն 4 օր է, ինչ իրենց գազամատակարարումը դադարեցված է: Պատճառն այն է, որ Ռ. Մկրտչյանի ընտանիքը դեռ չի վճարել դեկտեմբերի սպառած գազի վարձը, որը կազմում է մոտ 7000 դրամ:

Նշենք, որ Ռ. Մկրտչյանի ընտանիքը բաղկացած է 5 հոգուց՝ ինքը, ամուսինը՝ Արմեն Ստեփանյանը, եւ նրանց երեք անչափահաս երեխաները: Ի դեպ, մասիսցի ընտանիքը ո՛չ ընտանեկան նպաստ է ստանում եւ ո՛չ էլ «Փարոս» համակարգից է օգտվում: Ամուսինները չեն աշխատում, միայն գարնան, ամռան եւ աշնան ամիսներին զբաղվում են հողագործությամբ: «Մենք գազով չենք ջեռուցում մեր տունը, փայտի վառարան ենք օգտագործում: Բայց փայտն էլ է արդեն վերջացել, այն գնելու հնարավորություն չունենք: Փող չկա: Գազով միայն ճաշ ենք պատրաստում: Բայց արդեն երեք օր է, ինչ ճաշ չեմ եփել, էրեխեքս այսօր լացելով են գնացել դպրոց, չգիտեմ, թե ինչ անեմ: Էլէկտրական սալիկ չկա, որ գոնե դրանով ինչ-որ բան պատրաստեմ: Զանգեցի գազի տեսուչին, խնդրեցի, որ միացնի, մինչեւ մի տեղից գումար գտնեմ ու վճարեմ պարտքը: Չհամաձայնեց, ասեց՝ 5000 դրամ բեր, վճարի, կմիացնեմ»,- «Ժողովուրդ»-ին իրավիճակը ներկայացրեց տիկին Ռոզան: Նա նաեւ նշեց, որ տանը հիմա ցուրտ է, իսկ երեխաները հիվանդացել են:
Ի դեպ, բացի այս՝ նույն խնդրի շուրջ դժգոհում են նաեւ էլէներգիայի սպառողները: «Ժողովուրդ»-ը օրեր առաջ հրապարակել էր, որ սոցիալապես անապահով ընտանիքները դեռեւս չեն ստացել հունվարի համար նախատեսված նպաստը, այնինչ` այդ գումարները պետք է վճարված լինեին մինչեւ հունվարի 25-ը: Արդյունքում տասնյակ հազարավոր ընտանիքներ հայտնվել են անելանելի դրության մեջ, քանի որ չեն կարողացել մուծել կոմունալ վարձավճարները: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ նպաստների վճարման ուշացման պատճառն այն է եղել, որ հունվարին աշխատանքային ամիսը սկսվել է ուշ՝ հունվարի 9-ից, հետեւաբար օրենքով սահմանված գործընթացները, ինչպես նաեւ ֆինանսական տարին եւս սկսվել են ուշ: Այս ամենի արդյունքում «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել 2016 թվականի դեկտեմբերի ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների իրականացման ժամկետը սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար երկարացնել մինչեւ փետրվարի 6-ը: Ապա ՀԷՑ-ը խոստացել է մինչեւ փետրվարի 6-ը նշված բաժանորդների էլեկտրամատակարարման ընդհատումներ չիրականացնել: Սակայն նկատենք, որ ՀԷՑ-ը նման հայտարարությամբ հանդես է եկել էլեկտրամատակարարման դադարեցումների մասին «Ժողովուրդ»-ի բարձրաձայնումից հետո: Հիմա հերթը «Գազպրոմ Արմենիա»-ինն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՖՈՒՌԵՐԻ ԿՈՒՏԱԿՈՒՄ՝ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Փետրվարի 2-ի առավոտյան Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում խոշոր բեռնատարների կուտակում կար: Արտերկրից Հայաստան բեռներ ներկրող ֆուռերի շարասյունը կանգնած էր Ոսկեպար գյուղի ոլորաններում: Դրանք թեեւ չէին փակել միջպետական ավտոճանապարհը, սակայն, այնումենայնիվ, խանգարում էին երթեւեկին: Միջպետական ավտոճանապարհի այդ հատվածը սպասարկում է Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ն: Այդ ընկերության աշխատողները ճանապարհով երթեւեկությունն ապահովելու համար աղ էին շաղ տվել, սակայն ճանապարհին ձյան հաստ շերտ էր: Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները՝ բեռներով հանդերձ, մինչեւ 40 տոննա քաշ ունեն եւ չեն կարողանում վեր բարձրանալ Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող ձյունառատ ճանապարհով: 2016թ. սեպտեմբերի 14-ին վերանորոգման նպատակով փակվել է միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը, եւ ներկայումս խոշոր բեռնատարները Բագրատաշենից Երեւան են հասնում Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով: Նշենք, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի նորոգումը տեւելու է երկուսից երկուսուկես տարի: Իսկ մինչ այդ հատկապես ցրտաշունչ ձմռան ամիսներին Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ, լեռնային ճանապարհին ֆուռերի կուտակումները շարունակվելու են:

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԺԽՏԵԼ
Փետրվարի 2-ին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Իջեւանում մասնակցեց Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենքի պատին ցուցատախտակի բացման արարողությանը: Դատարանի շենքը կառուցվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դատարանի շենքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ժողովուրդի» թղթակիցը Արփինե Հովհաննիսյանից հարցրեց՝ արդյոք հիմա էլ է նախարարը պնդում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: /Հիշեցնենք՝ Գեւորգ Սաֆարյանն օրերս «տոնածառի գործով» դատապարվեց 2 տարվա ազատազրկման/: Ի պատասխան՝ Արփինե Հովհաննիսյանը նախ նկատեց, որ հարցը միջոցառման հետ կապ չունի, ապա պնդեց՝ ինքը շարունակում է համոզված մնալ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս