«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման (2012-2017թթ.) պատգամավորների գործունեության ամփոփման շարքը: Այսօր կանդրադառնանք 2015թ. փետրվարին Սերժ Սարգսյանի հակածառուկյանական արշավանքի օրերին ԲՀԿ-ից հեռացած Կարո Կարապետյանի եւ Մելիք Մանուկյանի, ինչպես նաեւ ԲՀԿ-ում ղեկավարությունն իր ձեռքը կենտրոնացնելու փորձում տապալված Աբրահամ Մանուկյանի օրենսդրական գործունեությանը:
Կարո Կարապետյանը (մականունը` Յուվեցի Կարո) ՀՀ ԱԺ պատգամավոր է 2007թ.-ից` ընտրված լինելով ԲՀԿ համամասնական ցուցակով: Թեեւ նա իր հոր` Երեմ Կարապետյանի հետքերով է դարձել պատգամավոր, սակայն ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում նախընտրել է վերջինին: Առհասարակ, այս պատգամավորը հայտնի է սկանդալային պատմությունների մեջ ընկնելու սովորությամբ: Այսպես՝ դեռ 2009թ. Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որն ուղեկցվել էր ծեծկռտուքով, կրակոցներով եւ մարմնական վնասվածքներով: 2011թ. նրա վարորդին ԱԱԾ-ն ձերբակալել էր` կասկածելով մաքսանենգության մեջ: Իսկ 2014թ. Կարապետյանը հայտնվեց Վերնիսաժի տարածքում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կենտրոնում, նրա փեսա Գոռ Առաքելյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, սպանության փորձի, երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկին միջին ծանրության վնաս պատճառելու մեջ:
Կարապետյանը հետեւողականորեն աշխատել է Սերժ Սարգսյանի համար գրեթե բոլոր ընտրություններում: Սերժ Սարգսյանի կողմից Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին չեզոքացնելու՝ 2015թ. փետրվարյան իրադարձություններից անմիջապես հետո նա լքեց ԲՀԿ-ի շարքերը: ԲՀԿ-ից դուրս գալու իր դիմումում պատգամավորը նշում էր, որ այդ քայլին է գնում՝ չկիսելով ԲՀԿ-ի` ներքաղաքական գործընթացները լարելու քաղաքականությունը: Կարապետյանը միաժամանակ պատրաստակամություն էր հայտնում ԱԺ-ում շարունակելու իր գործունեությունը որպես անկուսակցական պատգամավոր: Նախորդ 5 տարիներին Կարապետյանը ԱԺ նիստերից բացակայել է 452 անգամ, իսկ մասնակցելիս կողմ քվեարկել 319 անգամ, դեմ` 9, ձեռնպահ` 17 անգամ: Պատգամավորը քվեարկությունից հրաժարվել է 168 անգամ, երբեւէ չի մոտեցել ԱԺ ամբիոնին, ինչպես նաեւ հանդես չի եկել հարցադրումներով: Վերջին շրջանում ներկա է եղել ԱԺ նիստերին` սատարելով Սերժ Սարգսյանի իշխանության աղմկահարույց նախաձեռնությունները` «1000 դրամների նախագիծ», «Բյուջե 2017», «ԱԺ կանոնակարգ-օրենք» եւ այլն: Ակնհայտորեն Կարապետյանն ակնկալում է, որ Սերժ Սարգսյանին իր հավատարմությունը ամեն քայլափոխի ցուցադրելով՝ կհայտնվի գալիք խորհրդարանում, գուցե կրկին ԲՀԿ ցուցակով:
ԱԺ «վաստակաշատ» պատգամավորներից է Մելիք Մանուկյանը` հայտնի որպես Շշի Մելո: Վերջինս պատգամավոր է 2003 թվականից, երբ ընտրվել էր թիվ 45 ընտրատարածքից` ընդգրկվելով ՕԵԿ խմբակցության մեջ: Մելիք Մանուկյանի էությունը, սակայն, պարզվում է՝ գենետիկորեն անհամատեղելի է ընդդիմադիր գործունեության հետ: 2006թ. մայիսին նա լքել է ՕԵԿ-ը վերջինիս նախագահ Արթուր Բաղդասարյանի ընդդիմադիր դառնալու պատճառով: 2007թ. արդեն Մանուկյանը միացել է ԲՀԿ-ին, որն էլ լքել է 2015թ. փետրվարին ԲՀԿ-ի ընդդիմադիր գործունեության պատճառով: Եթե 2006թ. նա ՕԵԿ-ի գնացքից ցատկելը բացատրում էր կոալիցիայում մնալու «հայրենանվեր առաքելությամբ», ապա 2015թ. առանց օրենքին տեղյակ լինելու՝ դիմում էր գրել ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին: Միայն օրեր անց Մանուկյանին հուշեցին, որ կարող է լքել կուսակցությունը` առանց մանդատից զրկվելու, ինչից հետո նա շտապել էր ետ վերցնել Գալուստ Սահակյանին գրած հրաժարականի դիմումը:
5-րդ գումարման Ազգային ժողովում Մելիք Մանուկյանը պարտաճանաչորեն քվեարկել է իշխանությունների նախագծերի օգտին շուրջ 476 անգամ, իսկ հրաժարվել քվեարկությունից 267 անգամ: Մանուկյանը բացակայել է 121 անգամ, դեմ քվեարկել 40, ձեռնպահ 61 անգամ: Նա արդեն իսկ հայտարարել է Կոտայքի մարզն ընդգրկող ընտրատարածքում ԲՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու մտադրության մասին: Հաշվի առնելով, թե վերածնվող ԲՀԿ-ն ինչպիսի գործիչների հավաքատեղի է դառնում, ամենեւին էլ զարմանալի չէ, որ Մելիք Մանուկյանը որոշել է վերադառնալ հարազատ տանիքի ներքո, ինչին, իհարկե, լիովին կողմ կլինի նաեւ Սերժ Սարգսյանը` ձգտելով մականունավոր ձայն ապահովողներին խորհրդարան չբերել ՀՀԿ ցուցակով:
Աբրահամ Մանուկյանը 2003-2007թթ. եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ապա անցել ԲՀԿ շարքերը, իսկ 2015թ. քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո մնացել կուսակցության մեջ` փորձելով դառնալ դրա ղեկավարը: Մամուլը բազմիցս գրեց, որ Աբրահամ Մանուկյանի եւ Նաիրա Զոհրաբյանի միջեւ հակասություններն այդ հողի վրա քանիցս սրվել են: Ծառուկյանին ընկեր համարող եւ ոչ մեկի հետ կամուրջները այրել չցանկացող Մանուկյանը 2016թ. աշնանը նույնիսկ մտածում էր կուսակցությունից հեռանալու մասին, սակայն այսօր, երբ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է, Մանուկյանը այլ տեղ հանգրվանելու կարիք հաստատապես չունի:
Հավելենք, որ եթե 2015թ. սկզբին Աբրահամ Մանուկյանը պայքարում էր Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների դեմ, ապա 2015թ. վերջին ակտիվորեն պաշտպանեց դրանք` իր կուսակցական ընկերների հետ մասնակցելով Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիաներին: Դրա հետ մեկտեղ բավականին խայտաբղետ է Մանուկյանի խորհրդարանական գործունեությունը. նա բացակայել է ԱԺ նիստերի ավելի քան 48 տոկոսից: Քվեարկությունից հրաժարվելով 176 անգամ` Մանուկյանը կողմ է քվեարկել 244 օրինագծի: Նա միանշանակորեն տարբերվում է իր վերոհիշյալ գործընկերներից` հատկապես ԱԺ-ում ակտիվություն ցուցաբերելու առումով: Այսպես՝ Աբրահամ Մանուկյանը 14 անգամ ելույթ է ունեցել ԱԺ ամբիոնից, 10 անգամ էլ հանդես եկել հարցապնդումներով: Նա 34 անգամ դեմ է քվեարկել, 46 անգամ էլ՝ ձեռնպահ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՀՈՒՆՎԱՐԻՆ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերին արձանագրվել է 2.6 տոկոս գնաճ:
Պարենային ապրանքները վերոնշյալ ժամանակահատվածում թանկացել են 7.4 տոկոսով, ոգելից խմիչքը՝ 0.1 տոկոսով, սպառման ապրանքները՝ 4.2 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 0.6 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները 0.7 տոկոսով էժանացել են:
Պարենային ապրանքների շուկայում արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորվել է մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի թանկացմամբ: Օրինակ՝ այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի գնաճը կազմել է 36.5 տոկոս: Թանկացել են նաեւ սունկը, սխտորը, ճակնդեղը, գազարը, վարունգը, լոլիկը, սմբուկը եւ այլն:
Բացի բանջարեղենից եւ մրգից՝ թանկացել են նաեւ առաջին անհրաժեշտության սննդատեսակներից ձուն, ձեթը, շաքարավազը, կարագը: Օրինակ՝ կարագը այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, 1.7 տոկոսով թանկացել է: Իսկ շաքարավազը նշված ժամանակահատվածում թանկացել է 0.6 տոկոսով:
Մսամթերքի շուկայում նույնպես արձանագրվել է գնաճ՝ 0.2 տոկոսով: Հիմնականում թանկացել են թռչնամիսը, երշիկը, տավարի փափկամիսը, խաշի պարագաները: Թանկացել են նաեւ բաստուրման, ներբերշիկը, խոզի եւ ոչխարի մսերը: Պարենային շուկայում մեկ ամսվա ընթացքում բարձրացել են նաեւ ծխախոտի, ոչ ոգելից եւ ոգելից խմիչքի գները:
Ս. Հ.
ՏԱՎՈՒՇՈՒՄ ԳԱԶԻ ԳԻՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է
Տավուշի մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազի գինը 200 դրամ է: Իսկ ահա Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ԱԳԼՃԿ-ներում 170 դրամ է: Բացի այդ՝ Սեւանում եղանակը, Տավուշի համեմատ, սառն է, ավտոմեքենաներին լիցքավորվող գազը «նստած է լինում», եւ դրանով մեքենան ավելի երկար ճանապարհ է անցնում: Բազմաթիվ դժգոհություններից հետո կարծես թե սառույցը սկսել է կոտրվել. դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհի խաչմերուկի մոտ գտնվող, Իջեւանի ճանապարհաշինական ձեռնարկության սեփականատեր Արծրուն Ղալումյանին պատկանող ԱԳԼՃԿ-ում արդեն մեկ խորանարդ մետր գազի գինը 185 դրամ է: Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ում «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ իրենք եւս պատրաստվում են գազի գինը 200 դրամից նվազեցնել:
ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում գործող ազգագրական թանգարանը ստեղծվել է բերքաբերցի բանաստեղծ Նորայր Արզումանյանի ջանքերով: Ադրբեջանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող թանգարանում մեր պատմության նյութական վկայություններն են: Ն. Արզումանյանը թանգարանի տնօրենն է եւ միակ աշխատողը, սակայն աշխատավարձ չի ստանում: Բացի այդ՝ ցուցանմուշները վատ պայմաններում են պահվում: Չնայած դրան՝ Ն. Արզումանյանը հպարտանում է թանգարանի ցուցանմուշներով, հատկապես հին, մեծ կարասով: Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է թանգարանը նորոգվելու: Գյուղապետն ասաց, որ 3 տարի առաջ գործարար Միքայել Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ թանգարանի տանիքը փոխվել է, պատերը դրսից սվաղել են, փլուզված մի պատը վերականգնվել է: Գյուղապետի խոսքով՝ հնարավորություն կար շենքի ներսն էլ նորոգելու, հատակը փոխելու, այդ նպատակով մշակույթի նախարարության հետ պայմանավորվածություն էր կայացել: Սակայն թանգարանը հիմնադրած Նորայր Արզումանյանը դրան չի համաձայնել՝ ասելով, որ թանգարանի ցուցանմուշները լավ պահպանելու համար հարկ է նախ եւ առաջ 10 մետրանոց պատ կառուցել եւ թանգարանի տարածքը ընդարձակել: Գյուղապետը նշեց, որ համայնքի սուղ բյուջեն հազիվ է բավարարում համայնքապետարանի աշխատողներին աշխատավարձ վճարելու համար, ուստի ոչ միայն վերանորոգման հարցերը իրենք չեն կարող հոգալ, այլեւ թանգարանի աշխատողի հաստիք չեն կարող պահել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ