«ԻՄ ԿԻՆԸ ԼԻՆԵԼԸ ՀԵՇՏ ԲԱՆ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հանրային ճանաչում վայելող անձանց անցած ճանապարհին, փորձում ենք պարզել` վերջիններս ինչ խոչընդոտներ են ստիպված եղել հաղթահարել, նույն ուղին երկրորդ անգամ անցնելու դեպքում ինչ կփոխեին իրենց կյանքում: Խոսում ենք նաեւ այն բացառիկ այցեքարտից, որը պարգեւում է հանրային ճանաչումը: Մեր այսօրվա զրուցակիցը երգիչ Արսեն Սաֆարյանն է:

«Հին օրեր»-ի նոր սկիզբը

Հանրության լայն շրջանակի կողմից ճանաչվեցի, թերեւս, «Հին օրեր» երգի թողարկումից հետո: Դա 2001 թվականն էր: Մինչ այդ չորս տարի երգում էի Երգի պետական թատրոնում, բայց ինձ ավելի շատ ճանաչում էին թատրոնի շրջանակում: 2001-ի նշածս ժամանակահատվածի հետ համընկավ նաեւ հյուրընկալվելս «Ռուբիկոն» ծրագրին, որի ընթացքում «Բլեֆ» հեռուստաշոուն իմ «գլխին սարքեց», եւ այդ ծրագիրը մեծ արձագանք ստացավ: Բանն այն էր, որ ուղիղ եթերում զանգահարում էին տարբեր մարդիկ եւ շատ վատ բաներ էին ասում: Այդ պրոցեսում, պարզվեց, մարդկանց դուր էին եկել իմ պատասխանները (ծիծաղում է):

«Ոչ ոք պարտավոր չէ քեզ տեսնել եւ ասել. «Wow!»»

Թեեւ հանրային ճանաչումը մեծ առավելություն է ընձեռում (ուր մտնում ես` քեզ ճանաչում են, պետական կառույցներում, սպասարկման ոլորտում ընդառաջում են), միեւնույն է՝ մարդկանց հետ շփվելիս ներկայանում եմ անուն-ազգանունով: Ի վերջո, մարդ, եթե նույնիսկ քեզ ճանաչում է, կարող է քեզ չսիրել, ոչ ոք պարտավոր չէ քեզ տեսնել եւ ասել. «Wow!»:

Ճարպիկ չի եղել եւ ինչ-որ առումով մնացել է ստվերում

Իհարկե, այս ճանապարհին եղել են նաեւ խոչընդոտներ, դժվարություններ: Օրինակ` որոշ մրցանակաբաշխությունների շրջանակում, որտեղ որոշում են, ասենք, տարվա երգչին, ստվերում եմ մնացել: Իսկ ես բնույթով այնպիսին եմ, որ չեմ հետաքրքրվել, չեմ ասել. «Բա ե՞ս, բա ե՞ս, բա ինձ հետ ի՞նչ է լինելու» եւ այլն: Ճարպիկ չեմ եղել եւ նույնիսկ ամաչել եմ նման բան ասել: Իմ մոտեցումն այն է, որ եթե արժանի եմ ինչ-որ բանի, կստանամ: Սա, գուցե, մեր ասպարեզի համար սխալ մոտեցում է:

«Հայտնիությունը չերեւացող կապիտալ է»

Եղել է այնպես, որ հայտնի լինելը պարզապես փրկել է ինձ: Օրինակ` ինչ-որ կոնֆլիկտ է ծագել, մութ է եղել, դուրս ենք եկել, եւ ում հետ որ պատրաստվում էի վեճի բռնվել, մի պահ սառել է, ներողություն է խնդրել: Պատահել է, որ անելանելի վիճակում եմ հայտնվել, ու ինձ ընդառաջ են եկել: Այնպես որ, հայտնիությունը չերեւացող կապիտալ է:

Եղբայրների աշխատանքը Արսենը ներկայացնում է` հերիք է

Իմ երգերի երաժշտությունը հիմնականում ես եմ գրում, խոսքերը` եղբայրս` Արթուր Սաֆարյանը: Նա մասնագիտությամբ բանասեր է, էությամբ` շատ համեստ մարդ: Երբեք չի ձգտել երեւալ, միշտ ասում է. «Մեր աշխատանքը դու ներկայացնում ես, հերիք է, մենք մեր գործով ենք երեւում»: Բայց մարդ կա` երկու ֆրազա է իրար կպցնում, մեկ էլ տեսնում ես` անհատական ֆոտոսեսիաներով է հանդես գալիս, որ իրեն արդեն սկսեն ճանաչել:

«Իմ կինը գիտի, որ հրեշտակ չեմ»

Իմ կինը գիտի, որ հրեշտակ չեմ, բայց նա միշտ հավատացել է իր հանդեպ իմ սիրուն եւ իմ` ընտանիքը գնահատելուն: Նա գիտի, թե ընտանիքս ինչ արժեք է ինձ համար: Շրջապատված լինելով վտանգավոր, ինչ-որ առումով նաեւ՝ գայթակղիչ կանանցով, միշտ իմացել եմ, որ պետք է տուն գնալ, որ ընտանիքն է կարեւոր… Ես տարվող մարդ չեմ, իսկ ճանաչումը, ուզես, թե ոչ, դրան բերում է, եւ իմ կամ իմ նմանի կինը լինելը հեշտ բան չէ: Ուղղակի կինս գիտի, որ ես մեր սերը, տարիների ձեռքբերումն ու ստեղծածը, բնականաբար, ոչնչով չեմ փոխի: Ինքս էլ ամուր եմ զգում, երբ ինքը կողքիս է, իմ թիկունքին: Հետաքրքիր բան ասեմ. եթե հանկարծ կոնֆլիկտ ենք ունեցել, իմ աչքին ոչինչ չի եկել, եւ ինձ մոտ ամեն ինչ սկսել է վատ գնալ: Նույնիսկ դարձել եմ անճանաչելի: Ընդհանրապես, շատ կարեւոր է, թե ով է ճանաչված մարդու կողքին: Վերջինիս համար հաստատ հեշտ չէ, ուղղակի իմ եւ կնոջս պարագայում ամեն բան հաջող է ստացվել:

 

 

 
«ԵԹԵ ՈՉ ԼԱՎ ԴԵՐԱՍԱՆ, ԼԱՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ ԿԴԱՌՆԱՆ»

Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը շուտով Մայր թատրոնի բեմում հանդես կգա նոր կերպարով: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ փետրվարի 7-ին եւ 8-ին տեղի կունենա «Արծվաբույն» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր դերակատարներից մեկն էլ ինքն է: Ներկայացումը՝ հիմնված Հրաչ Բեգլարյանի համանուն ստեղծագործության վրա, իր շուրջ կհամախմբի դերասաններ Ջուլիետա Ստեփանյանին, Մարիամ Դավթյանին, Անդրանիկ Զաքարյանին եւ այլոց, այն կնվիրվի Արցախյան ազատամարտին: Ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է: Ծովինարը կմարմնավորի ռադիոլրագրողի, որը 1991-ին հարցազրույցի պատրվակով հայտնվում է Ղարաբաղում, սակայն իրականում փնտրում է իր ամուսնուն: Սյուժեն գալիս, հասնում է մինչեւ մեր ժամանակներ:

Ծովինարը, բացի Մայր թատրոնից, պարբերաբար նաեւ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում խաղալու հրավեր է ստանում: «Խաղում եմ «Ռուզան» ներկայացման մեջ, որը բեմադրել է Վահե Շահվերդյանը: Հենց նա էլ հրավիրել է ինձ այդ թատրոն»,-նշեց դերասանուհին:
Քչերը գիտեն, որ Ծովինարը նաեւ դասավանդում է Մայր թատրոնին կից Վարդան Աճեմյանի անվան թատերական ստուդիայում (ղեկավար` Արմեն Մարության). «Երիտասարդները, որոնք ուսանում են ստուդիայում, եթե ոչ լավ դերասան, լավ հանդիսատես հաստատ կդառնան: Ամեն դեպքում, մենք անում ենք հնարավորը, որ լավագույն ուսանողները Մայր թատրոնում դրսեւորվելու հնարավորություն ստանան»,-մեկնաբանեց Ծովինարը:
Իսկ հարցին, թե դժվար չէ արդյոք լինելով երիտասարդ` դասավանդել երիտասարդների, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իսկապես, դժվար է, բայց կարծում եմ` կարողացել եմ նրանց հետ լեզու գտնել, իմ սաներից ես նաեւ սովորում եմ: Ամենակարեւոր մեսիջը, որ փոխանցում եմ նրանց, այն է, որ լավ դերասան լինելու համար պարտադիր պետք է լավ մարդ լինել»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ
Օպերային թատրոնի մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախմբի արտիստները փետրվարի 9-ին ելույթ կունենան սահմանամերձ զորամասերում։ Միջոցառումներն իրականացվում են «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման» հիմնադրամի` «Օպերային արվեստը զորամասերում» նախագծի շրջանակում: Ելույթները կղեկավարի նախագծի հեղինակ, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Նախաձեռնողները ծրագրի միջոցով ցանկանում են հայ զինվորին մոտեցնել դասական արվեստն ու վստահեցնել նրան, որ մշակույթի այս ոլորտի գործիչները եւս զինվորի կողքին են:

 

 

«ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ»
Փետրվարի 10-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Վերադարձ ակունքներին» խորագրով միջոցառումը: Ոչ նյութական մշակութային ժառանգության շարունակականությունն ապահովելու նպատակով կենտրոնը նախատեսում է կազմակերպել հայերի ավանդական տոնածիսական մշակույթին նվիրված միջոցառումներ, եւ Սուրբ Սարգսի տոնը այդ շարքում առաջինն է:
Ծրագրի սկզբում Գեւորգ սարկավագ Գեւորգյանը կներկայացնի Սուրբ Սարգսի տոնի ժողովրդածիսական ավանդույթները, ելույթ կունենան «Նուբար» ավանդական երգի-պարի համույթը (գեղարվեստական ղեկավար` Լուսինե Նազարյան) եւ «Նուբարաշեն» համայնքի երաժշտական դպրոցի սաները (ղեկավար` Լուսինե Խլղաթյան): Այնուհետեւ հայուհի-ճապոնացի երիտասարդ ընտանիքը կներկայացնի իր սիրո յուրօրինակ պատմությունը: Ծրագրի ավարտին իրենց զույգին դեռեւս չգտած երիտասարդներին կբաժանվեն աղի բլիթներ` իրենց երազի գլխավոր հերոսին գտնելու մաղթանքով:

 

 

 

ԳԱԳԱՆ ՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԸ
Հյուսթոն քաղաքում վերջերս կայացել է Սուպերբոուլ (SuperBowl)՝ ամերիկյան ֆուտբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպումը, որի բացման արարողությանը մասնակցել է երգչուհի Լեդի Գագան:
The Daily Mail-ը տեղեկացմամբ՝ երգչուհու ելույթի ամենահիշարժան պահը եղել է այն, որ 300 անօդաչու թռչող սարք գիշերային երկնակամարում դասավորվել են հետաքրքիր ձեւով` վերստեղծելով Միացյալ Նահանգների ազգային դրոշի պատկերը:
Նշենք, որ անօդաչուների մասնակցությամբ դիտարժան շոուն կազմակերպել է Intel ընկերությունը:
Պարբերականը նկատում է, որ դրոշի պատկերման դրվագը շատ է տպավորել համացանցի օգտատերերին, որոնք շտապել են սոցկայքերում իրենց հիացմունքն արտահայտել։




Լրահոս