ՀԱՐՑ. Հայտնի է, որ Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես սիրո տոն: Երիտասարդները աղի բլիթ են ուտում՝ հույս կապելով այդ տարի ամուսնանալ: Հետաքրքիր է իմանալ, թե ո՞րն է Սուրբ Սարգսի տոնի նախապատմությունը:
Անուշիկ Խաչատրյան (28 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սբ. Սարգիս զորավարն իր որդու՝ Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Իր իշխանության տակ գտնվող քաղաքներում նա քանդել է մեհյաններ եւ փոխարենը կառուցել եկեղեցիներ:
Բազմաթիվ զորականներից շատերը, տեսնելով զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, հրաժարվել են հեթանոսությունից եւ դարձել քրիստոնյա: Սուրբ Սարգիսը նահատակվում է քրիստոնեական հավատքի համար:
Սբ. Սարգիսը հայերի մեջ ամենասիրված սրբերից է:
Այս տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:
Ըստ ավանդույթի՝ Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:
Հայ առաքելական եկեղեցի, Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: