ՀԱՐՑ. Ես ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Մտադիր եմ ուսումս շարունակել հայաստանյան այլ բուհում: Խնդրում եմ ասեք՝ այդ դեպքում ես ո՞ր կուրսից պետք է շարունակեմ ուսումս՝ 1-ին, թե՞ 2-րդ:
Մանուկ Հովսեփյան (27 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2006թ. օգոստոսի 15-ի N 671-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում երկրորդ մասնագիտություն ստանալու» կարգի՝ երկրորդ մասնագիտական կրթություն ստանալը կազմակերպվում է կիսամյակային (կրեդիտային) սկզբունքով:
Առաջին եւ ավարտական կուրսերում երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն չի կազմակերպվում: Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը թույլատրվում է, եթե առարկաների ժամաքանակների 25%-ից ավելի տարբերութամբ պայմանավորված ստուգարքների եւ քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի եւ մասնագիտությունների առանձնահատկությունները, ըստ տվյալ կիսամյակի՝ չի գերազանցում 8-ը:
Դիմումները քննարկելու նպատակով բուհի կողմից ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով: Բուհի ռեկտորը, ատեստավորման հանձնաժողովում հարցը քննարկելուց հետո որոշում է ուսանողի ընդունման ժամկետը, կուրսը եւ մյուս պայմանները կամ էլ պատճառաբանված հիմնավորում է մերժելու մասին իր որոշումը: Դիմումները քննարկվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երկու շաբաթների ընթացքում:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրա Հարությունյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ատեստավորման հանձնաժողովի կողմից մրցութային հավասար պայմանների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում՝
ա) տվյալ մասնագիտությամբ աշխատող դիմորդներին, բ) առավելագույն մասնագիտական ստաժ ունեցող դիմորդներին, գ) դիպլոմի ներդիրում նշված առարկաների քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին: