Դաշինքաշինությունը որևէ հեռանկար չունի. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը օրերս հայտարարեց, որ Կոնգրեսն ընտրություններին մասնակցելու է Ստեփան Դեմիրճյանի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով: Ինչո՞ւ միայն ՀԺԿ-ի հետ, արդյո՞ք որեւէ այլ ուժ չի համաձայնել դաշինք կազմել ՀԱԿ-ի հետ. «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն է:

-Պարո՛ն Զուրաբյան, Դուք առաջին քաղաքական ուժն էիք, որը դեռեւս ամիսներ առաջ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ բաց է այլ ուժերի հետ բանակցելու համար: Ի վերջո, պարզ դարձով, որ ՀԱԿ-ը դաշինք է կազմում միայն ՀԺԿ-ի հետ: Այլ ուժերի հետ չհաջողվե՞ց:

-Մենք առաջին ընտրական դաշինքն ենք, որը հայտարարեց, որ սկսում է քարոզարշավը եւ, ընդհանրապես, ըստ էության, ասաց, թե ինչի վրա է կառուցելու այդ ընտրարշավը: Մյուս կողմից՝ մենք ամենավերջինը հայտարարեցինք դաշինք ստեղծելու մասին, գաղտնիքը ո՞րն է, այն է, որ մենք կարծում ենք՝ ավելի կարեւոր է ուղերձը, ասելիքը, կառավարման ծրագիրը, որը պետք է առաջարկվեր ժողովրդին, քան թե ինքնանպատակ միավորումը բազմատեսակ քաղաքական ուժերի: Այո՛, մենք հապաղեցինք, երկար չէինք հայտարարում, թե ինչ ֆորմատով ենք մասնակցելու ընտրություններին, բայց մենք առաջինը հայտարարեցինք, թե որն է լինելու մեր ծրագիրը: Դեկտեմբերի 17-ի համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց խաղաղության, բարիդրացիության մասին, եւ մեր համագումարի բանաձեւում մենք տվել ենք մեր ընտրարշավի, ավելի ճիշտ՝ քարոզարշավի ուրվագիծը:

Իսկ ինչո՞ւ հապաղեցիք, եթե այդքանը պատրաստ էր եւ կար հստակություն: Խնդիրը բանակցություննե՞րն էին այլ ուժերի հետ:

-Այո, իհարկե, հենց նույն դեկտեմբերի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ այդ նույն ասելիքների շուրջ ով պատրաստ է մեզ հետ համագործակցել, մենք պատրաստ ենք նրա հետ գնալ ընտրությունների:

-Իսկ ինչո՞ւ չստացվեց:

-Եղավ, ՀԺԿ-ն:

Բացի ՀԺԿ-ից՝ այլ ուժեր չարձագանքեցի՞ն:

-Կա՛մ չարձագանքեցին, կա՛մ որեւէ նախաձեռնություն չդրսեւորեցին: Ես չեմ կարող ասել, որ բանակցություններ չեն եղել, բանակցություններ եղել են անգամ շատ շուտ՝ նոյեմբերին՝ դեռ մինչ մեր համագումարը: Ընդհանուր մի գաղափար էր պտտվում, որ իշխանության դեմ պետք է ստեղծել մեծ ընդդիմադիր դաշինք, յոթ-ութ գլխավոր ընդդիմադիրների համագործակցություն: Երբ որ մեզ նման առաջարկ արվեց, մենք պատասխանեցինք՝ այո, մենք պատրաստ ենք նման բանակցությունների, որովհետեւ, եթե իսկապես ստեղծվում է մեկ ընդդիմադիր, հսկայական մի դաշինք, այն կարող է լուրջ բեկում մտցնել:

Իսկ ինչո՞ւ չստեղծվեց, տարաձայնություննե՞ր եղան:

-Որովհետեւ մեր համաձայնությունից ընդամենը մի քանի օր հետո երեք ուժերը հայտարարեցին առանձին դաշինք ստեղծելու մասին:

Խոսքը «Ելք» դաշինքի մասի՞ն է:

-Այո՛: Հետո պարզվեց, որ մի ուրիշ դաշինք էլ ցանկանում են այլ ուժեր ստեղծել, եւ պարզ դարձավ, որ այդ միաբեւեռ դաշինքաշինությունը որեւէ հեռանկար չունի, ուստիեւ մենք գնացինք այս ճանապարհով՝ ուղերձի հզորության ճանապարհով: Մենք համարում ենք, որ դու պետք է ճշմարտությունն ասես ժողովրդին:

Պարո՛ն Զուրաբյան, բայց եղան խոսակցություններ, որ դեկտեմբերի 17-ի ՀԱԿ համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից հետո ոչ մի ուժ չցանկացավ դաշինք կազմել ՀԱԿ-ի հետ…

-Գիտեք, դա իսկապես շատ ցածրորակ եւ ոչ պրոֆեսիոնալ դատողություններ էին, որովհետեւ նախ՝ այնպես չէ, որ Տեր-Պետրոսյանն ինչ-որ մի բան է առաջարկում, այդ տարբերակները մի քիչ տարբեր մոդիֆիկացիաներով 90-ական թվականներից կան բանակցությունների սեղանին, եւ իրենց համաձայնությունը ժամանակին տվել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այսինքն՝ դա այն տարբերականներն են, որոնք քննարկվում են, կան, եւ ուրիշ ոչ մի լուծում ո՛չ բանակցված է, ո՛չ էլ ինչ-որ մեկի կողմից առաջարկված է:

Այսինքն՝ այդ ելու՞յթը չէր պատճառը, որ որեւէ ուժ չցանկացավ համագործակցել Ձեզ հետ:

-Գիտեք, դա պետք է հարցնել այլ ուժերի: Բայց ես հիմա ցանկանում եմ անդրադառնալ այդ դաշինքների խնդրին: Ցավոք սրտի, Հայաստանի համար ստեղծվել է մի իրավիճակ, որ կարծես դաշինքաշինությունը դարձել է ինքնանպատակ, այսինքն՝ շատերը այդպիսի մի բնական համախմբման պրոցեսի բացակայության պայմաններում փորձում են արհեստականորեն համախմբվել, եւ նպատակն այն է, որ ինչքան շատ բազմապիսի կուսակցություններ, ինչքան շատ քաղաքական գործիչներ համախմբվեն, այնքան մեծ տպավորություն կթողնեն հասարակության վրա: Դա այն է, ինչ որ ես կոչում եմ «քաղաքական սալաթ», եւ նման «քաղաքական սալաթը» ունի մի քանի պրոբլեմներ: Առաջին՝ շատ դժվար է հաղթահարել հակասություններն այդ «սալաթի» ներսում, եթե չկա բնական միավորող ուժ, եթե չկա ուժեղ լիդեր: Երկրորդը՝ չկա այն կարեւորագույն ուղերձը, որի շուրջ այդ ամեն ինչը կատարվում է, եւ որը ժողովրդի համար համոզիչ կլինի …

Իսկ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն ունի՞ բավարար ներուժ՝ բոլոր ընտրատարածքներում մրցունակ թեկնածուներ ապահովելու համար:

-Ներուժ կա, իհարկե, կա իներցիան, կան մարդիկ, ովքեր հիասթափվել են, անհեռանկարային են համարում պայքարը, բայց մեր գործը դա է, որ ոգեւորենք ժողովրդին, նորից հավատ ներշնչենք, թունելի վերջում լույս ցույց տանք եւ, ի վերջո, կառուցենք մարտունակ այն թիմը, բանակը, որը ընտրություններին պետք է լուրջ արդյունք ցույց տա: Ես այս պահին համարում եմ, որ բավականին խոստումնալից է ցուցակի կառուցման գործընթացը:

Վահագն Հակոբյան




Լրահոս