Պաշտոնատար անձանց անվան տակ զինված ուժերում հարց լուծելու պատմություններն այդպես էլ չեն ավարտվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ՀՀ իրավապահները մի շարք դեպքեր էին բացահայտել, երբ ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողները, ցանկանալով իրենց երեխաներին ազատել ծառայությունից կամ մի զորամասից այլ զորամաս տեղափոխել, խաբվել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մի քրեական գործ էլ կապված է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ լեյտենանտ Վիկտոր Վլասովի անվան հետ:

2016 թվականի մարտի 18-ին ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Համլետ Ղազարյանը: Պարզվել էր, որ Հ.Ղազարյանը տարբեր քաղաքացիների ներկայանալով ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից՝ խոստացել էր ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող նրանց զավակներին ԼՂՀ-ից տեղափոխել Հայաստան: Յուրաքանչյուր ծնողից իր ծառայության դիմաց իրականում շորթել էր 160 հազարից մինչեւ 200 հազար դրամ:

Նախորդ տարվա նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Երեւանի մի բնակչուհի տարբեր քաղաքացիների ներկայացել է որպես ՀՀ զինված ուժերի նախկին աշխատակից եւ կլորիկ գումարի դիմաց ծնողներին առաջարկել էր նրանց երեխաներին ազատել զորակոչից:

Այսքանով պաշտոնատար անձանց անվան տակ զինված ուժերում որեւէ հարց լուծելու պատմությունները չեն ավարտվում: Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացի Ռաֆիկ Վերդյանը ցանկացել է որդուն՝ Արթուր Վերդյանին, տեղավորել աշխատանքի ՌԴ սահմանապահ զորամասերից մեկում: Այդ առիթով ծանոթացել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ Գրիգոր Սահակյանի հետ, որն էլ նրան հայտնել է, թե Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ լեյտենանտ Վիկտոր Վլասովի մտերիմն է եւ կարող է նրան օգնել այս հարցում:

Եվ, ահա, Սահակյանը գործը գլուխ բերելու համար պահանջել է 4.000 ԱՄՆ դոլար գումար, որը իբր թե տալու է Վլասովին:
Վերդյանը համաձայնել է տալ պահանջված գումարը եւ «Աբովյան» ԲԿ-ում անձամբ Գ. Սահակյանին տվել մոտ 1 միլիոն 635 հազար դրամ:
Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, գումարը անհետացել է, իսկ աշխատանքի տեղավորման հարցը այդպես էլ չի լուծվել:

Նկատենք, որ Գրիգոր Սահակյանը իրավապահներին հայտնել է. «Աշխատանքի տեղավորման համար զանգահարել եմ Վլասովին ու նրանից տեղեկանալով գների մասին՝ հայտնել եմ Ռաֆիկ Վերդյանին: Նա ինձ է տվել պահանջված 4000 ԱՄՆ դոլարը եւ համապատասխան փաստթղթեր, որոնք պատճենահանել եւ պահել եմ ինձ մոտ, իսկ բնօրինակները տվել եմ գեներալ Վլասովին: Նշված գումարը զորամասում հանձնել եմ Վլասովին, եւ նա հայտնել է, որ 2-3 ամսում հրամանը կլինի, պետք է Մոսկվայից համաձայնություն ստանան»: Այդ հանդիպումից 2-3 ամիս հետո հանդիպել է Վլասովին, տեսել է Արթուր Վերդյանի հրամանը, սակայն թե ինչու Արթուր Վերդյանի աշխատանքի հարցը այդպես էլ չի կարգավորվել, չի կարող ասել:
Ըստ նրա՝ իր մեղքը կայանում է նրանում, որ Ռաֆիկ Վերդյանից գումար է վերցրել` որդուն աշխատանքի ընդունելու համար, սակայն նրա տղայի աշխատանքի տեղավորման հարցը չի լուծել:

Նկատենք, որ իրավապահները Գրիգոր Սահակյանի ցուցմունքի հիման վրա հարցում են իրականացրել ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն՝ հասկանալու համար, թե Գրիգոր Սահակյանը իսկապե՞ս մուտք է գործել զորամաս: Ինչին ի պատասխան՝ ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայտնել է, որ Գրիգոր Սահակյանը ռուսական զորքերի շտաբ մուտք չի գործել, քանի որ մուտքը իրականացվում է միայն անցագրերով:

Հիմա պատասխանատվության կենթարկվեն ինչպես կաշառք տվողը, այնպես էլ՝ վերցնողը:

Քնար Մանուկյան




Լրահոս