Ադրբեջանը հայց է ներկայացրել ֆրանսիական դատարան, ընդդեմ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի և «Նուվել դ’Արմենի» ամսագրի տնօրեն Արա Թորանյանի: Ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ռոշբլուանը 2015-ին հայտարարել էր. «Ադրբեջանը գործում է որպես ահաբեկչական երկիր», իսկ պատգամավորի խոսքերը հրապարակել է «Նուվել դ’Արմենի»-ի կայքը՝ 2015թ.-ի սեպտեմբերի 28-ին:
arevelk.am-ը Փարիզից տեղեկացել է, որ Ֆրանսացի դատավոր Անն դե Պինյոնը չեղյալ է հայտարարել Ադրբեջանի հայցը, այն ձևակերպմամբ, որ օրենքի շրջանակներում Ադրբեջանը չի ընկալվում որպես մասնավոր անձ կամ անձանց խումբ, այլ ընկալվում է որպես իրավաբանական անձ՝ ուստի Ադրբեջանի բողոքը համարվել է անընդունելի: Ֆրանսիացի դատավորի կողմից հայցի չեղյալ համարումը Ֆրանսիայում մամուլի ազատության համար բավական լավ նորություն են համարում:
Ֆրանսուա Ռոշբլուան, չնայած իր պատգամավորական անձեռնմխելիությանը անձամբ է ներկայացել դատարան և հաստատել նախկինում հնչեցրած խոսքերը. «Ես դա ասել եմ նախորդ տարվա ռազմական ագրեսիան նկատի ունենալով, որն այսօր, ցավոք, վերաճել է արյունալի իրականության: Իմ փաստաբան Սևակ Թորոսյանի հետ ես որոշեցի դիմել դատարան՝ կանգնեցնելու համար ոտնահարված «պատվով» օտար հանրապետությունների շրջանում տարածված նորաձև միտումը՝ իրենց անհատ ներկայացնելու հավակնությունը»:
Կայքի հաղորդմամբ, Արա Թորանյանը նշել է, որ քննությունը դեռևս ամբողջությամբ ավարտված չէ, բայց տեղի ունեցածն արդեն կարելի է հաղթանակ համարել: