«Ցանկալի կլիներ, որ այս անգամ ընտրությունը ձևական չլիներ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը աշխատելու է որպես մշակույթի նախարարի խորհրդական։ ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնի նոր տնօրենի անունը պաշտոնապես կհայտարարի մրցույթ անցկացնելուց, արդյունքն ամփոփելուց եւ, ըստ այդմ, նախարարի համապատասխան հրամանից հետո։ Ներկայումս այդ պարտականությունը ստանձնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Մինչ օպերային թատրոնի տնօրենի աթոռն ազատ է, սկսել են տարբեր լուրեր շրջանառվել եւ առաջարկներ հնչեցվել: Արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելու է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը: Իսկ ոլորտի տարբեր մասնագետներ (այդ թվում` նույն թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, Հայպետֆիլհարմոնիայի եւ ,Առնո Բաբաջանյանե համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը) կարծիք են հայտնում, որ թատրոնը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալներ, եւ տալիս են հիմնականում երկու հոգու անուն` օպերային երգիչներ Հասմիկ Պապյան եւ Բարսեղ Թումանյան: Վերջինի հետ «Ժողովուրդ»-ը զրուցել է ծավալված թեմայի շուրջ:

Պարո՛ն Թումանյան, տեղյակ ենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում եք եւ աշխատում եք տեղի օպերային թատրոնում: Կպատմե՞ք` ինչով եք զբաղված, եւ արդյո՞ք սա նշանակում է, որ հայրենիքում Ձեր արժանի տեղը չգտաք, բայց արտերկրում դա, կարծես, հաջողվեց:

-Իմ պաշտոնի անունն է ,բեմի վարպետե: Ես բավական ակտիվ գործունեություն եմ ծավալում: Բացի այդ` հանդիսանում եմ Արվեստների համալսարանի պրոֆեսոր: Այնպես որ, շատ եմ զբաղված: Աշխարհում ունեմ իմ տեղը, հայրենիքումս` նույնպես: Որեւէ պաշտոն արտիստի համար գնահատական լինել չի կարող: Մեր ժողովրդի գնահատականն այնքան բարձր է, որ ես դեռ պետք է կարողանամ այն պահել:

-Եթե ստացվի այնպես, որ օպերային թատրոնը կառավարի Հասմիկ Պողոսյանը, ըստ Ձեզ` նրա մասնագիտական հմտությունները կբավականացնե՞ն այդ հարցում: Արժի՞ տնօրենի պաշտոնը վստահել տիկին Պողոսյանին:

-Իհարկե, ցանկալի կլիներ, որ այս անգամ ընտրությունը ձեւական չլիներ, քանի որ գործ ունենք արվեստի լրջագույն տեսակի հետ: Կարծիք չեմ ուզում հայտնել, քանի որ դա իմ օրենքների մեջ չի մտնում, բայց կարծում եմ, որ վերջապես կունենանք լուրջ ընտրություն, որի համար միայն ուրախ կլինեմ:

Եթե մեր օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը Ձեզ առաջարկվեր, կընդունեի՞ք: Ոլորտի մասնագետները առանձին զրույցների ընթացքում նշում են, որ եթե նույնիսկ նման հրավեր լինի, Դուք չեք ընդունի այն, քանի որ վիրավորված եք: Դա ճի՞շտ է:

-Հավատացեք, որ բոլորովին էլ վիրավորված չեմ: Ես հայ եմ եւ լավ եմ ճանաչում ու զգում իմ ժողովրդին: Ժամանակին ես մի լրջագույն հայեցակարգ եմ ներկայացրել նախարարությանը, որը եթե միայն կարդացած լինեին, շատ հարցերում ճիշտ կկողմնորոշվեին: Հայեցակարգը ներառում էր օպերային թատրոնի զարգացման ամբողջ տեսլականը: Ես գործնական եւ ռեալիստ մարդ եմ ու հրաշքների չեմ հավատում… Ինչպես նաեւ չեմ սիրում խոստումներ տալ: Հավատացնում եմ, որ երազանքս կամ կյանքիս նպատակը օպերային թատրոնի տնօրեն դառնալը չի եղել: Թող տնօրեն լինի նա, ով ցանկանում է: Գիտեմ միայն մի ճշմարտություն. Ժամանակը բոլորին դնում է իրենց տեղը: Ցավում եմ միայն մի բանի համար, որ փորձառությունս եւ գիտելիքներս տալիս եմ ոչ իմ հայրենակիցներին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս