Մինչ Օրբելյանի գալը օպերային թատրոնը վերածվել է մի «գրդոնի տարածքի». Բարսեղ Թումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերային երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, ով ապրում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում եւ աշխատում է տեղի օպերային թատրոնում, նաեւ Արվեստների համալսարանի պրոֆեսոր է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է Հայաստան վերադառնալու, մեր օպերային թատրոնի գործունեության եւ այլ թեմաների շուրջ: Մեր զրուցակիցը կարծիք է հայտնել՝ լավ կառավարվող օպերային թատրոն ունենալու համար անհրաժեշտ է ունենալ քաղաքակիրթ քաղաքացի:

-Պարո՛ն Թումանյան, գիտենք, որ շարունակում եք հաջողություններ գրանցել արտերկրում, իսկ հետաքրքիր է՝ Հայաստանում հանդես գալու ցանկություն ունե՞ք:

-Ցանկություն, իհարկե, կա: Դեռ պետք է խորհրդակցել:

-Օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանից նման առաջարկ ստացե՞լ եք: Կպատմե՞ք այդ մասին:

-Օրբելյանի հետ մտածում ենք իրականացնել մի ծրագիր, որը կոչվում է «Թումանյան եւ ընկերներ», բայց ժամկետների առումով դեռ ոչինչ պարզ չէ: Կարող եմ միայն ասել, որ նախորդ տարի եղավ առաջին համերգը, տեսնենք՝ հետագայում երբ կստացվի համերգ ունենալ:

-Իսկ Դուք հեռվից հետաքրքրվո՞ւմ եք՝ ինչպիսին է Հայաստանի օպերային թատրոնի վիճակը, ինչպես է այն կառավարվում: Ի՞նչ բացթողումներ եք տեսնում:

-Ես ունեմ իմ դիրքորոշումը Ազգային օպերային թատրոնի ռազմավարության վերաբերյալ, բայց չունեմ բարոյական իրավունք խորհուրդ տալու կամ գնահատական հնչեցնելու, թե ինչ է արվում կամ ինչպես է արվում: Այդ հարցը միշտ էլ ծառացած է եղել, եւ քանի դեռ օպերային թատրոնին չեն վերաբերում որպես արարող տաճարի կամ մշակութային կոթողի, ոչինչ չի փոխվի: Անձը շատ կարեւոր է, բայց չեմ ցանկանում ոմանց գնահատականներ տալով՝ պատճառաբանել մեր այսօրվա վիճակը: Մինչ Օրբելյանի գալը թատրոնը վերածվել է մի «գրդոնի տարածքի» եւ դեռ այսօր իր տեսքը պահպանում է: Այն էապես փոխելը եւ մշակութային կոթողի վերածելը ո՛չ խորհուրդ տալով, ո՛չ էլ որոշ անձանց փոխարինելով չի ստացվի: Դա շատ լուրջ խնդիր է, եւ ո՛չ ես, ո՛չ էլ որեւէ մեկը դրսից ոչինչ անել չի կարող: Օրբելյանն այսօր լավագույն ընտրությունն է, եւ նրան օգնելով՝ կարելի է մի քիչ շունչ տալ թատրոնին, բայց որքա՞ն դա կտեւի, պարզ չէ:

-Իսկ ի՞նչ է պետք, որպեսզի օպերային թատրոնը վերածվի մշակութային կարեւոր կոթողի, որը կլինի որակի ցուցիչ:

-Որպեսզի ունենանք թատրոն, պետք է ունենանք քաղաքակիրթ հասարակություն: Ո՞վ է ձեւավորելու այդ քննադատ եւ քաղաքակիրթ քաղաքացուն: Այդ հարցի շուրջ մտորումներ եւ առաջարկներ եղել են, բայց «նաղդից լավը չկա»-ի փաստը մեզ բերեց ռաբիսի եւ գողականի մեծարմանը: Դա է մեծարվում, այդտեղից է փողի աղբյուրը, այդտեղ էլ ձգտում են: Ես ունեմ հայ կոչվածի իմ ձեւակերպումը. հայը նա է, ով պաշտում է իր կատարյալ տեսակը կամ իր «կատարելությունը»: Ինչ արժեքներով ձեւավորենք մեր կյանքը, այդ արժեքների տերն էլ կլինենք: Ես ինձ էլ չեմ կարող հայկական օպերայի մաս համարել, քանի որ վանվել եմ մոտ 20 տարի: Իհարկե, համաշխարհային օպերային արվեստի մաս կարող եմ լինել եւ, իհարկե, ներկայացնում եմ Հայաստանը: Բայց մեր օպերային թատրոնի հետ կապված, բացի հրավերներին պատասխանելուց, ավել ոչինչ չեմ կարող անել: Ինչ վերաբերում է Աստանայում իմ գործունեությանը, կարող եմ ասել, որ այստեղ հնարավորությունները մեծ են, գաղափարը բավական հստակ է դրված՝ ինչ է արվում՝ ինչի հասնելու համար:

-Իսկ ո՞րն եք համարում Ձեր առաքելությունը:

-Ես Հայաստանի ժողովրդական արտիստ եմ, եւ իմ առաքելությունը հայ մշակույթը ներկայացնելն է ամենուր, որը եւ անում եմ թե՛ Ղազախստանում, թե՛ Չինաստանում, թե՛ ԱՄՆ-ում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս