ՀԱՐՑ. Ես ունեմ կազմակերպություն, որի աշխատողները պետականորեն գրանցված են: Խնդրում եմ ասել, եթե նման կազմակերպություններում հայտնաբերվում է մեկ չգրանցված աշխատող, ապա այս դեպքում որքա՞ն է կազմում պետության կողմից սահմանված տուգանքի չափը:
Էդուարդ Մխիթարյան (42 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել 26 դեկտեմբերի 1997թ. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով: Ըստ այդմ՝ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի եւ (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը ՀՀ կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար 60.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը մեկից երեք է:
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետեկամուտների կոմիտեն, այսպիսով, որոշակի կարգավիճակ է սահմանում նաեւ չգրանցված աշխատողների համար: Հարկ է կարծել, որ եթե տվյալ կազմակերպությունում նման աշխատակիցների թիվը 3-ից անցնի, ապա նոր միայն գործի կդրվի հարկայինի գիլյոտինը: Իր հերթին անհիշելի ժամանակներից վիճակագրական տվյալներ չեն հրապարակվել ստվերային աշխատուժի հայտնաբերման եւ թվաքանակի վերաբերյալ: